
2023 թվականի հունիսի 26-ին «Հաջորդ սերնդի հովացում» կարգախոսի տակ նշվեց Սառնամատակարարման համաշխարհային օրը: Այս առիթով շրջակա միջավայրի նախարարության «Օզոնային շերտի պահպանություն» ծրագիրը ջեռուցման և օդորակման համակարգերի ոլորտում գործունեություն ծավալող «Տեխնոթերմ» ՍՊԸ-ի հետ համատեղ իրականացրեց օրվան նվիրված միջոցառում տարածաշրջանային երեք պետական քոլեջների «Սառնարանային տնտեսություն» մասնագիտության ուսանողների և դասախոսական անձնակազմի համար:
«Տեխնոթերմ»-ը հանդիսանում է ի թիվս այլոց նաև ճապոնական «DAIKIN» ընկերության պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանի Հանրապետությունում: Հաշվի առնելով ընկերության կողմից իրականացված առաջանցիկ քայլերը օդորակման ոլորտում, շուրջ 20 մասնակցի հնարավորություն ընձեռվեց ծանոթանալ ընկերության կողմից իրականացվող քաղաքականությանն ու փորձին:
Ցուցասրահ-խանութում հյուրընկալած մասնակիցներին ընկերության մասնագետները ներկայացրին կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունները, խոսեցին օդորակման սարքերի կառուցվածքների, նոր համակարգերի տեսակների, նախագծի իրականացման փուլերի և ՀՖԱ-ների և ՕՔ նյութերի առանձնահատկությունների մասին:
Հանդիպումն ամփոփվեց հարցուպատասխանով և ապագա մասնագետների հետ շարունակական համագործակցությունների ակնկալիքով, որի ենթատեքստում ընկերությունը պատրաստակամություն հայտնեց աշխատանքային պրակտիկայի նպատակով հյուրընկալել երեք տարածաշրջանային պետական քոլեջների ուսանողներին: