Օզոնի
ծրագիր

Բացահայտելով սառնամատակարարման և օդորակման զարմանահրաշ աշխարհը
16.09.2023

2023 թվականի սեպտեմբերի 15-ին և 16-ին Օզոնային շերտի պահպանության համաշխարհային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում շրջակա միջավայրի նախարարության «Օզոնային շերտի պահպանություն» ծրագիրը աշխարհում  օդորակիչների խոշորագույն արտադրողի՝ ճապոնական «DAIKIN» ընկերության հետ համատեղ իրականացրել է վերապատրաստման դասընթաց ոլորտային մասնագիտական կրթություն ստացող ուսանողների համար: Այս քայլով «DAIKIN» ընկերությունը նշանակալի ներդրում է կատարել ՀՀ-ի մասնագիտական կրթության ոլորտում:
Շրջակա միջավայրի նախարարության կողմից դասընթացների անցկացման վայր է ընտրվել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը՝ հաշվի առնելով ուսումնական հաստատության «Քաղաքային տնտեսության և էկոլոգիա» ֆակուլտետի ջանքերը ոլորտին արժանի մասնագետներ կրթելու գործում:
Դասընթացներին մասնակցել են Երևանի Ն․ Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջի և Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի «Սառնարանային տնտեսություն» մասնագիտության 1-ին և 2-րդ կուրսերի և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի «Քաղաքային տնտեսության և էկոլոգիա» ֆակուլտետի 1-ի կուրսի թվով մոտ 60 ուսանողներ:

Վերապատրաստումն անցկացվել է «DAIKIN» ընկերության Սլովակիայի մասնաճյուղի գործադիր տնօրեն Վլադիմիր Օրովնիցկիի կողմից, ով խոսել է ընկերության, սառնամատակարարման, օդորակման համակարգերի պատմության և ոլորտի արդիականության մասին, ներկայացրել է սարքավորումների կառուցվածքը, դրանց տեղադրման, սպասարկման, ապամոնտաժման, առկա ենթակառուցվածքներում ինտեգրման առանձնահատկությունները, ծանոթացրել է անվտանգության կանոններին, ինչպես նաև սարքավորումներում օգտագործվող գազերի ազդեցությանը օզոնային շերտի վրա:
Ինտերակտիվ դասընթացի շրջանակներում պարոն Օրովնիցկին, օգտագործելով կենցաղային և մասնագիտական պարագաներ, ուսանողների հետ միասին կատարել է դեմոնստրատիվ փորձարկումներ` ցուցադրելով նյութերի ջերմափոխանակումը, ճնշման տակ ջրի՝ եռալու ջերմաստիճանի հասնելը, ջերմաստիճանի նվազման հետևանքով հեղուկ նյութերի դեպի ագրեգատային պինդ վիճակի փոփոխությունը և անսարք օդորակչի արտանետած ածխաթթու գազի քանակությունը:

Միջոցառումներն ափոփվել են հարցուպատասխանով, ժպիտներով, ինչպես նաև «DAIKIN» ընկերության և շրջակա միջավարի նախարարության կողմից ուսանողներին մասնակցության վկայականներ հանձնելու արարողությամբ: