
2023 թվականի հունվարի 21-ին Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված բնապահպանական խաղերի ներկայացմանը։
Միջոցառմանը մասնակցում էին նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչներ, դպրոցականներ Հանրապետության տարբեր շրջաններից և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Նախաձեռնության նպատակն էր հանրահռչակել հասարակական տարբեր կազմակերպությունների և անհատների կողմից մշակված և ստեղծված բնապահպանական խաղերը և խոսել դրանց մասին որպես շրջակա միջավայրի ոլորտում առկա խնդիրների մասին իրազեկման միջոց։
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին մի շարք բնապահպանական խաղեր։
Հանդիպումն ամփոփվեց շրջակա միջավայրի նախարարության «Օզոնային շերտի պահպանություն» ծրագրի կողմից մշակված և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից որպես էլեկտրոնային ռեսուրս ճանաչված «Մոլորակն իմ տունն է. օզոն և կլիմա» ինտերակտիվ խաղ-վիկտորինայով, որն անցկացվեց ծրագրի ներկայացուցիչների կողմից: Խաղի առավել ակտիվ մասնակիցներին կազմակերպությունների կողմից նվիրվեցին ներկայացված խաղերի օրինակներ։