Օզոնի
ծրագիր

«ԷկՕզոն․ սառնարանային թափոնարվեստ»
24.08.2020

«Ինստիտուցիոնալ համակարգի հզորացում և կարողությունների ստեղծում» ծրագրի շրջանակներում «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի հետ համատեղ կազմակերպվում է Օզոնային շերտի պահպանության միջազգային օրվան նվիրված «ԷկՕզոն» սառնարանային թափոնարվեստ ցուցահանդեսը:

Գործածությունից դուրս եկած սառնարանները, սառցեխցիկները, օդորակիչները վտանգավոր թափոն են համարվում։ Այս սարքավորումների վերամշակման համար հատուկ պայմաններ են սահմանված, որոնք չպահպանելու հետևանքով վերնոլորտ են արտանետվում օզոնի շերտը քայքայող, շրջակա միջավայրի և մարդու առողջության համար վնասակար գազեր։

«ԷկՕզոն․ սառնարանային թափոնարվեստ» ցուցահանդես-նախագծի ընթացքում կենցաղային տեխնիկայի նշված «ներկայացուցիչները» կվերակերպվեն հեղինակային արտ-օբյեկտների:

Ցուցահանդեսին կներկայացվեն նաև թեմատիկ լուսանկարներ, կոլաժներ։

Մանրամասներին ծանոթանալու և մասնակցության համար խնդրում ենք այցելել էջի նկարագրության հատվածում նշված հղումով և լրացնել հայտադիմումը

https://forms.gle/NzdHmLEQqdmApC8A8

«ԷկՕզոն․ սառնարանային թափոնարվեստ» ինտերակտիվ ցուցահանդես-նախագիծը կմեկնարկի սեպտեմբերի 16-ին՝ Օզոնային շերտի պահպանության միջազգային օրը:

⚠️ Լայն սպառման ապրանքների արտադրությունից և որոշ արտադրական գործընթացներից մթնոլորտ են արտանետվում քլոր և բրոմ պարունակող գազեր, որոնք կործանարար ազդեցություն ունեն երկրի օզոնային շերտի համար։ Դրանցից քլորֆտորածխածինները (ՔՖԱ-ներ (CFCs)) և հիդրոքլորֆտորածխածինները (ՀՔՖԱ-ներ (HCFC-s)) որպես սառնագենտ և որպես մղիչ նյութ օգտագործվում են սառնարանային տեխնիկայում, օդորակիչներում, աերոզոլային բալոններում։ Արտանետվելով վերնոլորտ՝ այս գազերը քայքայվում են՝ արձակելով քլորի և բրոմի ատոմներ, որոնք վնասում են օզոնը։