Օզոնի
ծրագիր

««ԷկՕզոն» սառնարանային թափոնարվեստ արտ-նախագիծ» ինտերակտիվ ցուցահանդես
16.09.2021

Սեպտեմբերի 16-ին՝ Օզոնային շերտի պահպանության միջազգային օրը, Երևանի կենդանաբանական այգում տեղի ունեցավ «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի հետ համատեղ կազմակերպված ««ԷկՕզոն» սառնարանային թափոնարվեստ արտ-նախագիծ» ինտերակտիվ ցուցահանդեսը:

Նախագծի շրջանակներում գործածությունից դուրս եկած սառնարանները, սառցեխցիկները, օդորակիչները, որոնք համարվում են վտանգավոր թափոններ, վերակերպվել են արվեստի նմուշների՝ փոխելով իրենց նշանակությունը:

Ցուցահանդեսի նպատակն է հանրության ուշադրությունը բևեռել անսարք և գործածությունից դուրս եկած սառնարանային սարքավորումների ճիշտ ու անվտանգ օգտահանմանը և վերամշակմանը, քանի որ դրանցում պարունակվող քլորֆտորածխածինները (ՔՖԱ-ներ (CFCs)) և հիդրոքլորֆտորածխածինները (ՀՔՖԱ-ներ (HCFC-s)), արտանետվելով վերնոլորտ՝ քայքայվում են՝ արձակելով քլորի և բրոմի ատոմներ, որոնք վնասում են օզոնային շերտը:

Արտ-օբյեկտները այգու տարածքում կցուցադրվեն մինչև սեպտեմբեր ամսվա վերջ, այնուհետև դրանցից մի քանիսը տեղ կգտնեն այգում՝ ծառայելով որպես պահարան, գրադարակ, սեղան և այլն:

Նախաձեռնությանը միացել էր նաև Էջմիածնի քաղաքապետարանը՝ իր օժանդակությունը բերելով իրականացվող գործընթացին: