Օզոնի
ծրագիր

Երիտասարդության համաշխարհային օր, 2023
11.08.2023

ՄԱԿ-ի կողմից հռչակված երիտասարդության օրվան ընդառաջ՝ 2023 թվականի օգոստոսի 11-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ «Մոնրեալի արձանագրությունը ՄԱԿ-ի կայուն զարգացման օրակարգի համատեքստում» հանդիպում-քննարկում ավագ դպրոցների սաների մասնակցությամբ։

Հանդիպմանը մասնակցում էին շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի ղեկավար Դենիս Բեսեդիչը, Շրջակա միջավայրի նախարարության իրավախորհրդատու, Մոնրեալի արձանագրության ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանը և Երևանի ուսումնական հաստատություններից 30 աշակերտ։

Հիշեցնենք, որ Շրջակա միջավայրի նախարարության «Օզոնային շերտի պահպանություն» ծրագիրը ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության հետ համատեղ իրականացվող «Ինստիտուցիոնալ համակարգի ուժեղացում և կարողությունների ստեղծում» ծրագրի շրջանակներում անցկացրել էր «Խոսե՛նք բնությունից» բնապահպանական հանդիպումների շարք, որի մասնակից աշակերտներն էլ մասնակցում էին օրվա միջոցառմանը։

«Մարդկությունը ամեն ինչում կախված է երիտասարդության անսահման էներգիայից, գաղափարներից և ներդրումներից։ Եկեք այսօր և ամեն օր աջակցենք երիտասարդներին և կանգնենք նրանց կողքին՝ կերտելու արդար և կայուն աշխարհ՝ հանուն մեզ և մեր բոլորի»,-ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի խոսքերով  մեկնարկեց հանդիպումը, քանզի դրանք լավագույնս են ընդգծում օրվա խորհուրդը։ Անդրադարձ կատարվեց երիտասարդների դերին բնապահպանական խնդիրների առաջադրման և դրանց լուծման համատեքստում, ներկայացվեց Միավորված ազգերի կազմակերպությունը որպես միջազգային համագործակցության, գործողությունների ներդաշնակեցման և խնդիրների լուծման ինստիտուտ, խոսվեց օզոնային շերտի պահպանության մասին Կայուն զարգացման նպատակների համատեքստում, որն էլ ամփոփվեց խաղ-վիկտորինայով:

Հանդիպման ավարտին աշակերներին շնորհվեցին մասնակցության վկայականներ և ՄԱԿ-ի գրասենյակի կողմից տրամադրված նյութեր։ Սա երկրորդ տարին էր, ինչ «Ինստիտուցիոնալ համակարգի ուժեղացում և կարողությունների ստեղծում» ծրագրի շրջանակներում կազմակերպվում էր տոնին նվիրված միջոցառում: