
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏՆԵՐԻ, ՍԱՌՆԱՐԱՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
2018 թվականի սեպտեմբերի 18-ին «Հայաթ փլեյս» հյուրանոցում տեղի ունեցավ սուպերմարկետների, սառնարանային տնտեսությունների և հյուրանոցների ներկայացուցիչների հետ հանդիպում ժամը 11:00-ից մինչև ժամը 18:00-ն:
Հանդիպման նպատակն էր ներկայացնել տվյալ ոլորտում օգտագործվող սառեցման և օդորակման սարքավորումների միջոցով բնության վրա բացասական ազդեցությունը նվազեցնելու հնարավոր լուծումներն ու առաջարկությունները, ինչպես նաև տվյալ ոլորտի վերաբերյալ միջազգային շուկայում առկա միտումները:
Հանդիպման ընթացքում հիշատակվեց Օզոնային շերտի պաշտպանության միջազգային օրվա` սեպտեմբերի 16-ի մասին, դրա կարևրության և տեղեկացվածության մակարդակի բարձրացման անհրաժեշտության մասին, ներկայացվեց ՄԱԿ-ի կողմից մշակված «Սա´ռը դատիր, շարունակի´ր» տարվա պաստառն ու կարգախոսը:
Եղավ անդրադարձ նաև Մոնրեալի արձանագրության Կիգալիի ուղղմանը, որն ընդունվել է 2016թ-ի հոկտեմբերի 15–ին Ռուանդայի մայրաքաղաք Կիգալիում և այժմ գտնվում է Հայաստանում վավերացման փուլում: Այս համատեքստում ևս մեկ անգամ կարևորվեց Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների շարունակական կատարումն ու դրանցով պայմանավորված՝ սպասվելիք նոր իրավակարգավորումներին պատրաստվելը:
Բացի այս, ներկայացվեցին GIZ գերմանական կազմակերպության կողմից պատրաստված և Օզոնի ծրագրի կողմից տեղայնացված հայալեզու պաստառները, ինչպես նաև սառնարանային և օդորակման տեխնոլոգիաների անվտանգ սպասարկմանն ուղղված շարժական հավելվածը:
Հանդիպման ամբողջ ընթացքը ուղեկցվում էր հարց ու պատասխանով, քննարկումներով և մասնագիտական բանավեճերով, որոնց ընթացքում մասնակիցները կարողացան բարձրաձայնել ոլորտին առնչվող բազմաթիվ հարցեր և ներկայացնել առաջարկություններ՝ կապված նաև նորագույն «կանաչ» տեխնոլոգիաների ներդրման հետ:
Օզոնի ծրագիրը նմանատիպ հանդիպումների կազմակերպումը համարում է անհրաժեշտ՝ տնտեսվարողների կողմից գոյություն ունեցող խնդիրների բարձրաձայնման, իրազեկվածության աստիճանի բարձրացման, ոլորտի քաղաքականության մասնակցային մշակման և համապատասխան որոշումների կայացման տեսանկյունից: