Օզոնի
ծրագիր

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԲՈՒՀԵՐԻ ՀԵՏ
25.06.2019

2019 թվականի հունիսի 25-ին և 28-ին Շրջակա միջավայրի նախարարության օզոնի ծրագրի նախաձեռնությամբ տեղի ունեցան հանդիպումներ Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների «էկոլոգիա» և/կամ հարակից առարկաներ դասավանդող դասախոսների հետ: 
 

Հանդիպումներին մասնակցել են Հայաստանի 17 ԲՈՒՀ-երի պրոֆեսորադասախոսական կազմի ու նախարարության տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ, որոնց ընթացքում անդրադարձ է կատարվել ԲՈՒՀ-երի ուսումնական ծրագրերում օզոնային շերտի պահպանության և այս ոլորտում առկա հիմնախնդիրների վերաբերյալ տեղեկատվության ծավալներին ու խորությանը, ինչպես նաև այլ բնապահպանական խնդիրներին:

Դասախոսները ներկայացրել են իրենց ուսումնական հաստատություններում դասավանդվող բնապահպանական ուղղվածություն ունեցող առարկաների մեթոդիկան, ոլորտի բացթողումներն ու հանդես եկան կառուցողական առաջարկներով: Նախարարության աշխատակիցները հայտնել են պատրաստակամություն՝ տրամադրելու անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն: 

Հանդիպման ավարտին թե՛ նախարարության աշխատակիցների, թե՛ ԲՈՒՀ-երի ներկայացուցիչների կողմից հնչեցին մի շարք համագործակցային առաջարկներ, որոնց իրականացման համար արդեն իսկ ձեռնարկվում են նախապատրաստական աշխատանքներ: Միջոցառումը գնահատվեց որպես համագործակցության հարթակ դասախոսների և ոլորտի պետական կառույցի միջև, որը կարող է մաշտական և պարբերական բնույթ կրել: