
Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխության վավերացմամբ պայմանավորված՝ Հայաստանը ստանձնել է միջազգային պարտավորություն՝ աստիճանաբար կրճատելու հիդրոֆտորածխածինների (ջերմոցային «F» գազեր (սառնագենտներ)) կիրառումը Հայաստանում։
Հայաստանի կողմից միջազգային այս պարտավորությունների կատարման մասնագիտական և կազմակերպչական պատասխանատու պետական մարմինը Շրջակա միջավայրի նախարարությունն է, որն այս կարևոր աշխատանքի պատշաճ կատարման համար կարիք ունի այլ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, մասնագիտական համայնքի ներկայացուցիչների հետ սերտ համագործակցության:
Այս նպատակով շրջակա միջավայրի նախարարությունը ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) հետ համատեղ իրականացվող «Հիդրոֆտորածխածինների փուլային կրճատման ծրագրի մշակում» (KIP) ծրագրի շրջանակներում 2022 թվականի փետրվարի 22-ին կազմակերպեց շահագրգիռ և իրավասու մարմինների ներկայացուցիչների և ոլորտային փորձագետների մասնակցությամբ հանդիպում։
Հանդիպմանը մասնակցում էին շրջակա միջավայրի, արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, էկոնոմիկայի նախարարությունների, պետական եկամուտների կոմիտեի, ոստիկանության, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի սառնարանային ասոցացիայի ներկայացուցիչներն ու Օզոնային շերտի պահպանության ծրագրի փորձագետները:
Օրակարգային հիմնական հարցը սառնամատակարարման, օդորակման և ջերմամատակարարման ոլորտում օգտագործվող սարքավորումների քանակի, դրանցում օգտագործվող սառնագենտների տեսակների և քանակի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման հնարավոր և արդյունավետ մեխանիզմների հատկորոշումն էր։
Պետական մարմինների ներկայացուցիչներից յուրաքանչյուրը ներկայացրեց դիրքորոշում անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրման հնարավոր արդյունավետ մեխանիզմների վերաբերյալ:
Հանդիպման արդյունքում գործընկեր գերատեսչությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ ապահովելու լայն համագործակցություն երկրի ստանձնած պարտավորությունները պատշաճ կատարելու նպատակով: Որոշվեց գործընկերների միջև իրականացնել աշխատանքային նամակագրություն, ընդլայնված և ոչ ընդլայնված ձևաչափերով աշխատանքային հանդիպում-քննարկումներ ըստ անհրաժեշտության և որոշակի պարբերականությամբ: