Օզոնի
ծրագիր

ԿԻԳԱԼԻԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ. ՆՈՐ ԻՐԱՎԱԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐ
20.05.2019

2019 թվականի մայիսի 20-ին ՄԱԿ-ի գրասենյակի նիստերի դահլիճում ՄԱԱԶԿ-ի աջակցությամբ տեղի է ունեցել «Կիգալիի փոփոխություն. նոր իրավակարգավորումներ» թեմայով աշխատանքային հանդիպում: Հանդիպումը նվիրված էր Հայաստանի Հանրապետության կողմից Կիգալիի փոփոխության վավերացմանը, որը տեղի է ունեցել 2019 թ. մարտի 27-ին, և վավերացումից բխող պարտավորություններին և դրանց կատարման ժամանակացույցին:
Հանդիպման ընթացքում ներկայացվել է «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխության նախապատմությունը, միջազգային բանակցությունների ընթացքը, 2016 թվականին Կիգալիի փոփոխության ընդունումը Կողմ երկրների 28-րդ հանդիպմանը  և Հայաստանի Հանրապետությունում վավերացման գործընթացը:

Ընդգծվել է իրազեկման բարձրացմանն ուղղված միջոցառումների կարևորությունը հասարակության լայն շրջանակներում և մասնագիտական ոլորտներում: Ներկայացվել է «Էներգաարդյունավետությունը սառեցման և օդորակման ոլորտում» իրազեկման միջոցառումների պլանավորված շարքը: Պարտավորությունների շրջանակներում ներկայացվել է լիցենզավորման համակարգում ՀՖԱ-ների ընդգրկումը, ինչը նախատեսվում է կատարել էլեկտրոնային եղանակով, և «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը:  
Պարտավորություններից բացի, նշվել է նաև սառեցման և օդորակման ոլորտում ստանդարտների ընդունման կարևորությունը, և ներկայացվել ներկայումս ԵՆ 378 ստանդարտի 3-րդ և 4-րդ մասերի ընթացքը: Հանդիպման եզրափակիչ մասում ներկայցվել է «Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքի նախագիծը, որին հաջորդել է թեմատիկ քննարկում: Մասնակիցները հանդես են եկել մի շարք առաջարկներով, որոնք հաշվի կառնվեն օրենքի նախագծի մշակման գործընթացում:

Հանդիպմանը մասնակցել են ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության ծրագրերի ղեկավար Անահիտ Սիմոնյանը, ներկայացուցիչներ Պետական եկամուտների կոմիտեից, Ստանդարտների ազգային ինստիտուտից, Երևանի պետական համալսարանից, Կլիմայի ծրագրից, Օզոնի ծրագրից և բնապահպանության նախարարության մի շարք ստորաբաժանումներից: