Օզոնի
ծրագիր

Օզոն կյանքի համար. Օզոնային շերտի պահպանության 35 տարի
20.08.2020

Այս տարի՝ սեպտեմբերի 16-ին, աշխարհում նշվում է Վիեննայի կոնվենցիայի և օզոնային շերտի պահպանության 35 տարին: Երկրի վրա կյանքը հնարավոր չէր լինի առանց արեգակի լույսի: Սակայն արեգակի էներգիան չափազանց շատ կլիներ առանց օզոնային շերտի: Հենց այս միջնոլորտային շերտն էլ Երկիրը պաշտպանում է արեգակի վնասակար ՈՒՄ ճառագայթներից: 


1970-ականների վերջին գիտնականները պարզեցին, որ մարդու գործունեության հետևանքով այս պաշտպանիչ վահանի վրա առաջանում է անցք: Այն առաջանում էր սառնարաններում և օդորակիչներում պարունակվող օզոնաքայքայիչ նյութերի արտահոսքի արդյունքում: Օզոնային շերտի քայքայման արդյունքում կարող էին ավելանալ  մաշկի քաղցկեղի և կատարակտի դեպքերը, ինչպես նաև վնասել բույսերն ու էկոհամակարգերը:


1985-ին ընդունվեց Օզոնային շերտի պահպանության մասին Վիեննայի կոնվենցիան: Համաձայն Կոնվենցիայի Մոնրեալի արձանագրության՝ կառավարությունները, գիտնականները և արդյունաբերությունը համատեղ ուժերով կրճատեցին օզոնաքայքայիչ նյութերի 99 տոկոսը: Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխությունը, որն ուժի մեջ է մտել 2019 թվականից, միտված է կրճատելու հիդրոֆտորածխածինները, որոնք հանդիսանում են հզոր ջերմոցային գազեր, գլոբալ տաքացման ներուժը նվազեցնելու և շրջակա միջավայրը պահպանելու համար: 


Այս տարվա կորոնավիրուսի համավարակի ընթացքում, որը հանգեցրեց սոցիալական և տնտեսական ծանր վիճակի, օզոնի քարտուղարության ուղերձը ՝ համատեղ աշխատելու ի բարօրություն բոլորի, առավել քան կարևոր  է: Օրվա կարգախոսը՝ «Օզոն կյանքի համար», ցույց է տալիս ոչ միայն օզոնային շերտի նշանակության մասին, այլև խնդրի նկատմամբ հետևողական վերաբերմունք ցուցաբերելու անհրաժեշտության մասին: