Օզոնի
ծրագիր

Օզոնային խոռոչի հետևանքով կարող էին ոչնչանալ բույսերն ու բարձրանար գլոբալ ջերմաստիճանը
01.09.2021

Առանց Մոնրեալի արձանագրության արևի ճառագայթումից կոչնչանային բույսերը նվազեցնելով CO2-ի կլանումը:

Բնապահպանական ամենահաջողված համաձայնագրերից մեկը՝ Մոնրեալի արձանագրությունը, ընդունվել է 34 տարի առաջ, համաձայն որի, աստիճանաբար պետք է կրճատվեն արդյունաբերական քիմիական նյութերը, որոնք ոչնչացնում են Երկրի օզոնային շերտը:

Մոնրեալի արձանագրության շրջանակներում  համաձայնություն ձեռք բերվեց կրճատելու քլորֆտորածխածինները (ՔՖԱ-ները)` օզոնաքայքայիչ նյութերը, որոնք կիրառվում էին սառնարաններում և այլ արդյունաբերական գործընթացներում: Նախորդ տասնամյակներում ՔՖԱ-ները կրճատվել են, և Երկրի մթնոլորտում տխրահռչակ «օզոնային խոռոչը» վերջապես փակվում է:

Ապագայի այն վախերը, թե մարդիկ չեն կարող ապահով կերպով դուրս գալ արևի տակ, այլևս արդիական չեն: Եվ սա դեռ ամենը չէ: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գլոբալ տաքացումը կարող էր լինել ավելի վատ վիճակում, քան այսօր է, եթե չլիներ Մոնրեալի արձանագրությունը: Սա մասամբ պայմանավորված է ՔՖԱ-ների ջերմոցային գազեր հանդիսանալու հանգամանքով: Սրանք ավելի կարճ կյանք ունեն մթնոլորտում, քան ածխաթթու գազը, բայց շատ ավելի ուժեղ ջերմոցային էֆեկտ կյանքի ընթացքում:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ առանց Մոնրեալի արձանագրության, այս ջերմոցային էֆեկտը, ամենայն հավանականությամբ, կավելացներ առնվազն մեկ աստիճան °C մինչև 2050 թ.: Այժմ նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ համաձայնագիրը կարող է աշխարհը փրկել ջերմաստիճանի բարձրացումից բոլորովին այլ կերպ:

Ամբողջ աշխարհի բույսերը չորացած և վերացած կլինեին առանց Մոնրեալի արձանագրության, ասվում է այս շաբաթ Nature ամսագրում հրապարակված ուսումնասիրության մեջ: Դրանցից շատերը կմահանային և ընդհանրապես կվերանային: Դրանք կոչնչացվեին ուլտրամանուշակագույն վնասակար ճառագայթների հետևանքով, որոնք կթափանցեին մոլորակի վնասված օզոնային շերտի միջով:

Բույսերը, կլանելով ածխաթթու գազը մթնոլորտից, կարևոր ծառայություն են մատուցում կլիմայի համար: Բայց վնասված բույսերը պակաս արդյունավետ կլինեին, և ժամանակի ընթացքում ավելի ու ավելի քիչ ածխածին կկլանեին: Նոր հետազոտության համաձայն՝ արդյունքում մթնոլորտում կավելանար ածխածնի լրացուցիչ քանակությունը, որն էլ էլ ավելի կջերմացներ մոլորակը: Եթե ՔՖԱ-ների գործածությունը չկրճատվեր, և դրանք անընդհատ ավելանային, ապա բույսերի կողմից չկլանված CO2- ը կհանգեցներ կես աստիճանից մինչև 1 աստիճանի հավելյալ տաքացմանը մինչև դարավերջ:

Այսինքն, ի լրումն ՔՖԱ-ների կողմից առաջացրած ջերմոցային ուղղակի էֆեկտի, կավելանար նաև լրացուցիչ տաքացման էֆեկտը: Եվ իհարկե այս ամենը կլիներ ի լրումն այլ ջերմոցային գազերի արտանետումների հետևանքով արդեն իսկ տեղի ունեցող կլիմայի փոփոխությանը:

Միացյալ Թագավորության Լանկաստեր համալսարանից Փոլ Յանգի ղեկավարած նոր հետազոտությունը ներկայացնում է սիմուլյացիոն երեք սցենարների մոդելներ:

Առաջինում պատկերված է իրական աշխարհը, որում ՔՖԱ-ները աստիճանաբար կրճատվում են Մոնրեալի արձանագրության համաձայն:

Երկրորդը ներկայացնում է մի հիպոթետիկ սցենար, ըստ որի ՔՖԱ-ների արտանետումները կայուն էին 1960-ականների ցուցանիշներին համապատասխան` չաճող, սակայն ոչ էլ կրճատվող:

Վերջին սցենարը «կանխված իրավիճակ» վերնագրով սիմուլյացրեց մի հետագիծ, որում ՔՖԱ-ների արտանետումները շարունակում են աճել մեր օրերում և ապագայում՝ տարեկան աճելով մոտ 3%-ով: Սարսափելի «կանխված իրավիճակ» սցենարում օզոնային շերտը էապես քայքայվում է 2040-ականներին: Դարավերջում մթնոլորտային օզոնը նվազում է մոտ 72%-ով:

Երկրի մակերեսին հասնող ուլտրամանուշակագույն ճառագայթման քանակը կտրուկ աճում է: Ի պատասխան, բույսերի աճը սկսում է նվազել, և ուսումնասիրության գնահատմամբ մինչև դարավերջ Երկրի բուսականությունը կկլանի ներկայումս Մոնրեալի արձանագրության առկայության պարագայում կլանվող ածխածնի միայն 15% -ը:

Գիտնականների գնահատմամբ, հավելյալ ածխածինը, ամենայն հավանականությամբ, կջերմացնի աշխարհը լրացուցիչ 0,5-1°C բարձրացմամբ մինչև դարավերջ: Դրան գումարվում է, հավանաբար, լրացուցիչ 1.7°C տաքացում ՔՖԱ-ների արտանետումներից մթնոլորտում ձևավորվող ջերմոցային էֆեկտի պատճառով: Ընդհանուր առմամբ, այն ավելացնում է մինչև 2,5°C տաքություն, այսինքն՝ ջերմաստիճանի ցուցանիշի 4.5°F հավելյալ աճ հարյուր տարվա ընթացքում Մոնրեալի արձանագրությամբ կանխված տաքացման ցուցանիշից:

Դա նշանակում է, որ «բացի օզոնային շերտը պահպանելուց, Մոնրեալի արձանագրությունը ինքնին եղել է կլիմայական հաջողված համաձայնագիր», - գրել է Յանգը The Conversation- ում հրապարակված հետազոտության վերաբերյալ վերջին գրառման մեջ: Մոնրեալի արձանագրության կլիմայական ազդեցությունները մինչ օրս համարվում էին լրացուցիչ օգուտներ: Բայց վերջին փոփոխությունն այդ իմաստով արձանագրությունը մեկ քայլ առաջ է տանում:

2016 թ.-ին ընդունված Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխությունը նպատակ ունի նաև աստիճանաբար կրճատել կլիմայի տաքացմանը նպաստող հիդրոֆտորածխածինների (ՀՖԱ-ներ)-ի օգտագործումը: Ի տարբերություն ՔՖԱ-ների՝ ՀՖԱ-ները, օզոնաքայքայիչ ներուժ չպարունակելով հանդերձ, հզոր ջերմոցային գազեր են: Ավելի քիչ հայտնի, ջերմոցային հզոր գազերի կրճատումը, ինչպիսիք են ՔՖԱ-ները ևՀՖԱ-ները, կարող է մեծ փոփոխություն ազդեցություն ունենալ կլիմայի պահպանման գլոբալ գործընթացում։

Մոնրեալի արձանագրությունը, թեկուզ և ակամա, արդեն իսկ ցուցադրել է այդ ազդեցությունը։ Այնուամենայնիվ, գիտանականների պնդմամբ, ածխածնի երկօքսիդի գլոբալ արտանետումները, ինչպես նաև մեթանի նման ջերմոցային այլ հիմնական գազերը, առայժմ մնում են կլիմայի պահպանությանն ուղղված ամենամեծ գլոբալ մարտահրավերները։ Դա շատ ավելի բարդ մարտահրավեր է, քան երբևէ եղած ՔՖԱ-ների կրճատումը, ընդունում է Յանգը: «Քանի որ միայն մի քանի ընկերություններ են պատրաստում ՔՖԱ-ներ և այլընտրանքային քիմիական նյութեր, օզոնային շերտի պահպանության խնդիրը շատ ավելի հեշտ էր, քան հանածո վառելիքից առաջացած արտանետումների կրճատումն ապահովելը», - գրել է նա:

Աղբյուրը՝https://www.scientificamerican.com/article/ozone-hole-would-have-killed-plants-and-raised-global-temperatures/?fbclid=IwAR3QKUeB4-gen11-_Zco3d8UhOFlYMduGvKuvR8TJPT197AzU73-HSnz3ZU