Օզոնի
ծրագիր

Օզոնային շերտի և ՈՒՄ ճառագայթման մասին հանրային ռադիոյի եթերում
10.06.2020

Ամռան թեժ օրերին ընդառաջ տեղի ունեցավ հանրային իրազեկման հերթական միջոցառումը: Հունիսի 10-ին հանրային ռադիոյի «Սրճազրույց» հաղորդաշարի հյուրն էր շրջակա միջավայրի նախարարության Օզոնի ծրագրի ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանը, ով անդրադարձավ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերին ի նպաստ օզոնային շերտի վերականգնմանը, այնուհետև ուրախությամբ արձանագրեց, որ տարիների աշխատանքն ապարդյուն չի եղել, և այժմ նկատվում է օզոնային ճեղքի փոքրացում: Տիկին Ղահրամանյանը հորդորեց յուրաքանչյուրին կատարել  իր հասանելիքը պահպանելու համար Երկիր մոլորակը արևից պաշպանող վահանը՝ օզոնային շերտը, օրինակ՝ սառնարանը վերանորոգելիս գործը վստահել վերապատրաստված մասնագետներին, ովքեր կկանխեն սառնարանում պարունակվող օզոնաքայքայիչ նյութերի արտահոսքը մթնոլորտ: Առանձնահատւկ ուշադրություն դարձվեց ՈՒՄ ինդեքսին հետևելու անհրաժեշտությանը և կոչ արվեց ժամը 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել տանից դուրս գալուց արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցությունից զերծ մնալու համար, այլապես օգտագործել արևապաշտպան քսուք, կրել արևային ակնոց, լայնեզր գլխարկ ու երկարաթև բաց գույնի հագուստ:

Հաղորդման եզրափակիչ հարցին, թե ինչ խորհուրդ կտա տիկին Ղահրամանյանը քաղաքացիներին COVID19 համաճարակի պայմաններում դիմակ կրելու վերաբերյալ, պատասպանեց, որ եթե մնան տանը ՈՒՄ ճառագայթներից խուսափելու նպատակով, ապա դիմակ կրելու անհրաժեշտությունը կվերանա: