Օզոնի
ծրագիր

ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ «ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ » ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑՈՒՄ
16.09.2016

2016թ-ի սեպտեմբերի 16-17-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի այցելուների կենտրոնում տեղի ունեցավ Օզոնային շերտի պահպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարքը,  որն այս տարի կրում էր <<Վերականգնենք օզոնն ու կլիման միահամուռ ջանքերով>> խորագիրը: Միջոցառումները կազմակերպել էր ՀՀ բնապահպանության նախարարության Օզոնի ազգային կենտրոնը` ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ:Մեկնարկը տրվեց «Բնապահպանական հիմնահարցերը Հայաստանում» աշխատանքային խորագիր կրող կլոր սեղանի քննարկումներով, որին մասնակցում էին ՀՀ բնապահպանության նախարար Ա. Գրիգորյանը, փոխնախարար Խ. Հակոբյանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար,դեսպան Արգո Ավակովը, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության ծրագրերի ղեկավար Անահիտ Սիմոնյանը ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրված բնապահպանական բոլոր կոնվենցիաների ազգային համակարգողները:

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը ողջունելով հյուրերին` կարևորել է օզոնային շերտի պահպանությանն ուղղված համամարդկային ջանքերը, ինչպես նաև այդ ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կողմից ձեռնարկվող քայլերը և արդյունավետ աշխատանքային քննարկում է մաղթել կլոր սեղանի բոլոր մասնակիցներին:

Ողջույնի խոսքով հանդես է եկել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար,դեսպան Արգո Ավակովը: Նա կարևորել է միջոցառումների շրջանակում անցկացվող էկոկրթական դասընթացները: Ըստ դեսպանի՝ նման դասընթացները մատաղ սերնդի մոտ սերմանում են պատասխանատվության զգացում հայրենի բնության հանդեպ:

ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության ծրագրերի ղեկավար Անահիտ Սիմոնյանը կարևորել է օզոնային շերտի պահպանության ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կողմից իրականացված քայլերը և ներկայացրել ՄԱԶԿ-ի աջակցությամբ այս ուղղությամբ իրականացվող քայլերը:

Օզոնի ազգային կենտրոնի համակարգող Լիանա Ղահրամանյանը կլոր սեղանի մասնակիցներին է ներկայացրել օզոնային շերտի պահպանության ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կողմից իրականացված գործողությունները և առաջիկա անելիքները:

Կլոր սեղանին հաջորդեց էկոկրթական դասընթաացը ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան մասնագետների մասնակցությամբ: Դասընթացներն անցկացվեցին երկու փուլով`սեպտեմբերի 16-ին առաջին խմբի երեխաների և մանկավարժների հետ և սեպտեմբերի 17-ին երկրորդ խմբի հետ: Ընդհանուր առմամբ դասընթացին մասնակցում էին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հարակից համայնքներից մոտ 200 դպրոցական: Նախաձեռնած դասընթացների նպատակն էր բարձրացնել երեխաների`բնության մասին ունեցած գիտելիքների մակարդակը, ինչը կօգնի նրան պահպանել օզոնային շերտը, հենց իրենց պաշտպանել արևի վնասակար ուլտրամանուշակագույն (ՈՒՄ) ճառագայթներից, ինչպես նաև պահպանել էնդեմիկ կենդանիներին և բուսատեսակները: Դասընթացների ընթացքում ներկայացվեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են օզոնային շերտի հիմնախնդիրը և պաշտպանությունը ՈՒՄ ճառագայթներից, օզոնն ու ջրային ռեսուրսները, օզոնն ու կլիմայական փոփոխությունները, օզոնն ու կենսաբազմազանությունը:Միջոցառմանը մասնակցած բոլոր երեխաներին և մանկավարժներին առաջարկվեց քաղցր հյուրասիրություն, ինչպես նաև տրամադրվեցին գրենական պիտույքներ:

Դասընթացին զուգահեռ գործում էր ևս մի հարթակ, որտեղ արգելոցի հարակից Վեդի քաղաքի արվեստի դպրոցի սաները բաց երկնքի տակ աշխատում էին և օրվա ավարտին ներկայացրեցին բնապահպանական թեմայով իրենց ստեղծագործությունները:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից տպագրվող «911- Արտակարգ թերթ» շաբաթաթերթում (N 34(634), 16-22.09.2016) հրապարակվել է Օզոնի ազգային կենտրոնի համակարգող Լիանա Ղահրամանյանի հետ «Հակաճառագայթային մեր միակ վահանը» խորագրով հարցազրույցը:

Միջոցառումների շարքը` նվիրված Օզոնային շերտի պահպանության միջազգային օրվան , շարունակվեց նաև սեպտեմբերի 30-ին Զվարթնոց միջազգային օդանավակայանի աշխատակիցների հետ հանդիպումով: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հետևյալ թեմաները.

- Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունները

- ԵԱՏՄ-ն և Հայաստանի անդամակցությամբ պայմանավորված հետևանքները

- Օզոնաքայքայիչ նյութերի (ՕՔՆ) և ՕՔՆ պարունակող սարքավորումների ԵԱՏՄ-ի մաքսային տարածք ներմուծման և մաքսային տարածքից արտահանման նոր ընթացակարգը

- Օզոնաքայքայիչ նյութերի (ՕՔՆ) և ՕՔՆ պարունակող սարքավորումների տեղափոխումը ԵԱՏՄ-ի մաքսային տարածքով

- Վերջին օրենդրական փոփոխությունները, մասնավորապես «ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ  ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ » ՀՀ կառավարության N591-Ն որոշման մեջ կատարված փոփոխությունները: