Օզոնի
ծրագիր

«Օզոնային շերտի պահպանություն» պանելային քննարկում
17.09.2021

Սեպտեմբերի 16-ին՝ Օզոնային շերտի պահպանության համշխարհային օրը, Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության, «Եվրոպական երիտասարդական պառլամենտ- Հայաստան» ՀԿ-ի, և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի հետ համատեղ կազմակերպված «Օզոնային շերտի պահպանություն» խորագրով պանելային քննարկումը` համախմբելով շուրջ 70 երիտասարդի և ոչ միայն։

Բացման արարողությունը մեկնարկեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանի, ՄԱԱԶԿ հայաստանյան ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանի, Օզոնային շերտի պահպանության հարցերի համակարգող Լիանա Ղահրամանյանի, Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանի և ԵԵՊ նախագահ Լևոն Թադևոսյանի ողջույնի խոսքերով։ Ուշագրավ էր, որ ներկայացուցիչներից յուրաքանչյուրն անհատապես անդրադարձավ երիտասարդների դերին՝ ընդգծելով այն հանգամանքը,որ ցանկացած սոցիումի շարժիչ ուժը հենց նրանք են։

Հանդիպմանը որպես խոսնակ հանդես էին գալիս նաև «Էկոլոգիական հասարակական միություն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը և Յակոբեան բնապահպանական կենտրոնի փորձագետներ Աղավնի Հարությունյանն ու Գարաբեթ Կազանջյանը։

Ինտերակտիվ քննարկմանն անդրադարձ կատարվեց օզոնային շերտի պահպանության և կլիմայի փոփոխության կապին, օզոնային շերտի ֆիզիկական վիճակի մասին Հայաստանում իրականացվող ուսումնասիրություններին ու դիտարկումներին, օզոնային շերտի և վերականգնող/«կանաչ» էներգետիկայի հատման կետերին, օզոնային շերտի պահպանության հիմնախնդրի կարևորությանը, ՍՕՋՊ ոլորտում գործարկվող ժամանակակից տեխնոլոգիական լուծումներին, ինչպես նաև երիտասարդների շրջանում բնապահպանական հիմնախնդիրների վերաբերյալ իրազեկման կարևորությանը։

«Գրինկո» ընկերությունը տրամադրել էր եվրոպական ստանդարտներին համապատասպանող սառնարանային տնտեսություններում՝ էկոլոգիապես անվտանգ պայմաններում պահպանվող կանաչ և շատ համեղ մրգերի ապացույցներ, որոնք մասնակիցները կարողացան ճաշակել հանդիպման ավարտից հետո։

Միջոցառումը նշանավորվեց օրվա խորհուրդը կրող պաստառի մոտ արված ակնթարթային լուսանկարներով:
#saveozone #ՕզոնԿյանքիՀամար

Օզոնային շերտի պահպանության համաշխարհային օրն ամփոփվեց նոր և արդյունավետ համագործակցությամբ։