Օզոնի
ծրագիր

«Օզոնը մեր կյանքում» ամառային դպրոց
06.08.2021

2021 թ. հուլիսի 20-23-ը Բյուրականում կազմակերպվեց «Շրջակա միջավայր և առողջություն» ՀԿ-ի հետ համատեղ իրականացված «Լինե՛նք իրազեկ, պահպանե՛նք օզոնային շերտը» կրթական միջոցառումների շարքի երրորդ փուլը` «Օզոնը մեր կյանքում» չորսօրյա ամառային դպրոցը:

Նախաձեռնությանը մասնակցում էին  մարզերի և Երևանի դպրոցների 7-11-րդ դասարանների շուրջ 30 աշակերտ, ինչպես նաև կամավորներ և ուսուցիչներ:

Ճամբարի առաջին օրը յուրաքանչյուր դպրոց ներկայացրեց տեսահոլովակի սցենարի նախագիծը, այնուհետև թիմերը փորձագետների հետ միասին մշակեցին ինչպես բովանդակային, այնպես էլ տեխնիկական մասերը, ծանոթացան նկարահանման գաղտնիքներին:
Երկրորդ օրը  մասնակիցները մեկնեցին  Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի «Ամբերդ» օզոնաչափական դիտակայան՝ ծանոթանալու տարածաշրջանում միակ օզոնաչափական գործիքի՝ «Դոբսոն» սպեկտրոֆոտոմետրի, արևագրչի, խոնավաչափի, տեղումնաչափի, արեգակի ուսումնասիրման և օդի աղտոտվածության որոշման սարքավորումներին ու դրանց գործարկման մեխանիզմներին։
Երրորդ օրը մասնակիցները շարունակեցին տեսահոլովակի նկարահանման և մոնտաժման աշխատանքները, որոնք ամփոփվեցին հուլիսի 23-ին հանձնաժողովի կողմից:

Հանձնաժողովի կազմում էին ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) հայաստանյան ներկայացուցիչը, Կլիմայական քաղաքականության վարչության, Մթնոլորտային քաղաքականության վարչության մասնագետները, Օզոնի ծրագրի և «Շրջակա միջավայր և առողջություն» ՀԿ-ի փորձագետները:

Թիմերը հանձնաժողովի դատին հանձնեցին կատարված աշխատանքը՝  նկարահանված տեսահոլովակները, անակնկալ հեղինակային երգը, թեմատիկ աքսեսուարները:

ՄԱԱԶԿ հայաստանյան ներկայացուցչի՝ Անահիտ Սիմոնյանի կողմից մասնակիցներին շնորհվեցին «Օզոնը մեր կյանքում» ամառային դպրոցին մասնակցության հավաստագրեր:

Ուրախությամբ կարող ենք նշել, որ միջոցառման կարևորագույն ձեռքբերումներից մեկը ճամբարականների թիմային ոգին էր: Դրա ձևավորմանը նպաստում և ճամբարականների օրն առավել բովանդակալից էին դարձնում ոչ օրակարգային միջոցառումները՝ առավոտյան վազք, երեկոյան խարույկ կիթառի ուղեկցությամբ, գիշերային այցելություն աստղադիտարան՝ ծանոթացում աստղերին և մոլորակներին և այլն:

Հաղթող տեսահոլովակը հայտնի կդառնա սեպտեմբերի 16-ին՝ Օզոնային շերտի պահպանության համաշխարհային օրը: