Օզոնի
ծրագիր

Սա՛ռը դատիր․ Սառնամատակարարման համաշխարհային օր
26.06.2021

Արդեն 3 տարի է, ինչ հունիսի 26-ին նշվում է Սառնամատակարարման համաշխարհային օրը: Այս առիթով շրջակա միջավայրի նախարարության Օզոնի ծրագիրը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հետ համատեղ իրականացրեց  օրվան նվիրված միջոցառում` ուսուցողական այց տարածաշրջանային երեք պետական քոլեջների «Սառնարանային տնտեսություն» մասնագիտության ուսանողների և դասախոսական անձնակազմի համար:

Հաշվի առնելով «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կողմից իրականացված առաջանցիկ քայլերը սառնամատակարարման ոլորտում, ինչպիսիք են կազմակերպությունում գործարկվող ժամանակակից սառնարանային և օդորակման համակարգերը և կիրառվող ISO 500001 ստանդարտը, շուրջ 35 մասնակցի հնարավորություն ընձեռվեց ծանոթանալ օդանավակայանի կողմից իրականացվող քաղաքականությանն ու փորձին:

Հանդիպման մեկնարկը տրվեց օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրում, որտեղ մասնակիցները ծանոթացան սառեցման սրահներին ու դրանց գործարկման մեխանիզմներին: Նոր համալիրի մեխանիկական սենյակում բացատրվեց տեղադրված կաթսաների, շոգեկաթսաների, չիլերների և զովացնող աշտարակների նշանակությունը, իսկ նկուղում մասնագետը ներկայացրեց սարքավորումների գործարկման նրբություններն ու ոլորտային առանձնահատկությունները:

Ուսուցողական այցն անցկացրեց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ոլորտի պատասխանատու Արթուր Մկրտչյանը: