Օզոնի
ծրագիր

Սառնամատակարարման համաշխարհային օր. 2022 թվական
24.06.2022

2022 թվականի հունիսի 24-ին «Օզոնային շերտի պահպանություն» ծրագիրը Սառեցման, օդորակման և ջեռուցման հայկական ասոցիացիայի (ՍՕՋԻ) հետ համատեղ կազմակերպեց Սառնամատակարարման համաշխարհային օրվան նվիրված «Պաղեցումը թարմ սննդամթերքի պահպանության երաշխիք» խորագրով միջոցառումը:

Հանդիպմանը մասնակցում էին ՍՕՋԻ հայկական ասոցիացիայի խորհրդի անդամները, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, բիզնես ոլորտի և GEA գերմանական ինժեներական ընկերության ներկայացուցիչները:

Հանդիպման առաջին մասում  ՍՕՋԻ հայկական ասոցիացիայի անդամները ներկայացրին նորաստեղծ ասոցիացիայի նպատակները ու հավակնությունները:

Տեղի ունեցավ պանելային քննարկում «Սառնամատակարարում և մասնագիտական կրթություն» վերտառությամբ, որի ընթացքում որպես խոսնակ հանդես էին գալիս Երևանի Ն․ Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչները, «ՊրոֆԷնոտեք» ՍՊԸ-ի տնօրենը և ՍՕՋԻ հայկական ասոցիացիայի խորհրդի նախագահը:
Անդարդարձ կատարվեց սառնամատակարարման ոլորտում միջին մասնագիտական և բարձրագույն ակդեմիական կրթության նշանակությանը, վերջինիս ազդեցությանը պետության տնտեսության զարգացման վրա, ինչպես նաև վեր հանվեցին ոլորտային արդյունավետ բարձրագույն կրթության ապահովման ճանապարհին հանդիպող հիմնական խոչընդոտները:

Որպես «Օզոնային շերտի պահպանություն» ծրագրի և Սառեցման, օդորակման և ջեռուցման հայկական ասոցիացիայի սերտ համագործակցության արգասիք ասոցիացիայի անդամները և «Գրինկո» ՍՊԸ-ի գլխավոր ինժեները ներկայացրին տարվա ընթացքում իրականացված գործնական այցերը, որոնց մասնակից են դարձել տարածաշրջանային  պետական 3 քոլեջների «Սառնարանային  տնտեսություն» մասնագիտության ուսանողները:

Խորհրդանշական այս օրը հանդիսավոր կերպով համագործակցության հուշագրեր ստորագրվեցին ՍՕՋԻ հայկական ասոցիացիայի և տարածաշրջանային պետական քոլեջների միջև:

Հանդիպման երկրորդ մասը նվիրված էր ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման հնարավորություններին և միտումներին, որի ընթացքում GEA գերմանական ինժեներական ընկերությունը ներկայացրեց սառեցման և օդորակման խնդիրների բնական սառնագենտներով լուծումները: