Օզոնի
ծրագիր

«Սառնարանային տնտեսություն» նոր մասնագիտություն՝ ՀՀ երեք քոլեջներում
19.12.2019

Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական  քոլեջում այսօր տեղի է ունեցել «Սառնարանային տնտեսություն» մասնագիտության բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են գտնվել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարար էրիկ Գրիգորյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը, քոլեջի աշխատակիցներ:

Շնորհավորելով ներկաներին նոր մասնագիտության ներդրման կապակցությամբ՝ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ ծրագիրն ընդհանուր առմամբ նախարարության վարած քաղաքականության շրջանակում է, այն է՝ սերտ համագործակցություն միջազգային կազմակերպությունների և բիզնեսի հետ, որը ըստ նախարարի, թույլ կտա գործընկերների աջակցությամբ ունենալ համապատասխան ենթակառուցվածքներ, ինչը կարևոր է որակյալ կրթական ծառայություններ մատուցելու տեսանկյունից: «Նման կազմակերպությունների և բիզնեսի հետ համագործակցությւնը թույլ է տալիս զարգացնել նախնական և միջին մասնագիտական հաստատությունները և պատշաճ մակարդակի բարձրացնել դասավանդումը: Կարևոր է, որ նոր մասնագիտությունների մշակմանը զուգահեռ ստեղծենք ենթակառուցվածքներ, և այս նախաձեռնությունն այդ առումով հաջողվածներից է՝ և՛ նոր մասնագիտություն ու չափորոշիչ է մշակվել, և՛ ապահովվել է նյութատեխնիկակական բազան»,-նշել է Արայիկ Հարությունյանը՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը և ՄԱԿ-ի զարգացման ծրագրին՝ աջակցության համար: «Ծրագիրը ոչ միայն ոլորտի զարգացմանն է նպաստում, այլ նաև աջակցություն է բնապահպանական մի շարք ծրագրերի հաջող ընթացքին: Այս տարի «Սառնարանային տնտեսություն» մասնագիտությամբ ընդունելություն է եղել բոլոր երեք հաստատություններում, և սա հազվադեպ երևույթ է, որ բոլոր քոլեջները նույն մասնագիտությամբ ունենան 100 տոկոսանոց ընդունելություն: Սա հերթական անգամ ապացույց է այն փաստի, որ եթե առկա է կրթական ծառայությունների պատշաճ մակարդակ, ապա հետաքրքրությունը մեծանում է տվյալ մասնագիտության նկատմամբ»,-նշել է Արայիկ Հարությանյանը:

ՀՀ շրջակա միջավայրի նախարար էրիկ Գրիգորյանի խոսքով՝ այն երիտասարդները, որոնք ընտրել են «Սառնարանային տնտեսություն» մասնագիտությունը, ապագայում լավ հեռանկարներ ունեն՝ աշխատանք գտնելու հետ կապված: «Ուրախ եմ, որ մեր գործընկերների հետ քայլում ենք ժամանակին համընթաց, և կրթական չափորոշիչները համապատասխանում են ժամանակակից միտումներին»,-նշել է Էրիկ Գրիգորյանը՝ ընդգծելով, որ ԿԳՄՍ նախարարության հետ կիրականացվեն շրջակա միջավայրին առնչվող կրթական նոր նախաձեռնություններ:

Հյուրերը շրջել են քոլեջում, ծանոթացել մասնագիտության ուսուցման համար ուսհաստատությունում առկա տեխնիկական հնարավորություններին՝ հույս հայտնելով, որ դրանք կնպաստեն մասնագիտական բարձրորակ կրթության ձևավորմանը:

Նշենք, որ 2018 թվականին  վերոնշյալ երկու նախարարությունների և Օզոնի շերտի պաշտպանության ծրագրի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակում Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2, Արմավիրի և Արտաշատի պետական  քոլեջներում ներդրվել է ուսումնական նոր մասնագիտություն՝ սառեցման և օդորակման համակարգերի ճարտարագիտության ուղղությամբ, որը նախկինում չի եղել մասնագիտությունների ցանկում:

Այս ընթացքում մշակվել է համապատասխան չափորոշիչը, որի վրա աշխատել են լավագույն մասնագետները: ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ բոլոր հաստատություններում ներդրվել է նյութատեխնիկական բազա: Ենթադրվում է, որ ծրագրի աշխարհագրությունը կմեծանա՝ ընդգրկելով Սյունիքի, Շիրակի և այլ մարզեր: Ֆինանսավորումն իրականացրել է Մոնրեալի արձանագրության իրականացման Բազմակողմանի հիմնադրամը. պետբյուջեից փոխհատուցվում է միայն 45 ուսանողների՝ պետպատվերի շրջանակում ուսումը: