Օզոնի
ծրագիր

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16. ԶԼՄ ներկայացուցիչների ճանաչողական այցն «Ամբերդ» օդերևութաբանական կայան
17.09.2020

Հայաստանն արդեն 21 տարի է միջազգային հանրության հետ միասին փորձում է լուծել օզոնային շերտի վերականգման խնդիրը։ Սրա ենթատեքստում Օզոնային շերտի պահպանության միջազգային օրը՝ սեպտեմբերի 16-ին շրջակա միջավայրի նախարարության Օզոնի ծրագրի և Հիդրոմետ ծառայության փորձագետներն այցելեցին «Ամբերդ» օդերևութաբանական կայան՝ ԶԼՄ ներկայացուցիչներին ծանոթացնելու օզոնային շերտի մշտադիտարկման գործընթացին, այն իրականացնող մասնագետներին, գործիքներին և մեթոդոլոգիային:

Լրագրողների համար կատարվեց օզոնաչափական դիտարկում տարածաշրջանում միակը հանդիսացող Դոբսոնի սպեկտրոֆոտոմետրի միջոցով: Օզոնի հարցերով ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանը լրագրողներին իրազեկեց օզոնային շերտի կարևորության, արևի վտանագավոր ՈՒՄ ճառագայթներից պաշտպանվելու անհրաժեշտության, ոլորտի իրավակարգավորումների՝ մասնավորապես «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվեցիայի, «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության և վերջինից բխող Կիգալիի փոփոխության մասին։

Լրագրողների հետ հանդիպման ընթացքում Հիդրոմետ ծառայության հելիոերկրաֆիզիկայի բաժնի պետ Աննա Ծառուկյանն ընդգծեց օզոնային շերտի քայքայման և մարդու առողջության վրա դրա հնարավոր բացասական ազդեցության մասին՝ որպես հիվանդություններ նշելով հիմնականում մաշկի քաղցկեղը և կատարակտը: Մասնագետը նշեց, որ հասարակության պաշտպանվածության աստիճանի բարձրացման նպատակով Հիդրոմետ ծառայությունը մշակում է ՈՒՄԻ (ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքս) ամենօրյա կանխատեսումներ, որոնք յուրաքանչյուր աշխատանքային օր հրապարակվում են Օզոնի ծրագրի կայքէջում, ինչպես նաև սոցիալական ցանցերում՝ Ֆեյսբուքում և Ինսթագրամում։