Օզոնի
ծրագիր

ՇԱՀԱԳՐԳԻՌ ԿՈՂՄԵՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՄՓՈՓԻՉ ՀԱՆԴԻՊՈՒՄ «ՀԻԴՐՈՔԼՈՐՖՏՈՐԱԾԽԱԾԻՆՆԵՐԻ ՓՈՒԼԱՅԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՒՄ» ԾՐԱԳՐԻ 2-ՐԴ ՓՈՒԼ
21.12.2018

2018 թվականի դեկտեմբերի 20-21-ին Բյուրականի «Ամբերդ» հյուրանոցում տեղի ունեցավ «ՀՔՖԱ-ների փուլային փոխարինում» ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում կազմակերպված շահագրգիռ կողմերի 2018 թվականի տարեկան ամփոփիչ հանդիպումը, որին մասնակցել են շահագրգիռ պետական մարմինների և մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոլորտի գիտնականներ(տես` մասնակիցների ցանկը)։ 

Հանդիպմանը մասնակցել է նաև բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը, ով իր ողջույնի խոսքում շեշտեց գլոբալ կլիմայական փոփոխությունների հետևանքների մեղմման գործընթացներում օզոնային շերտի պահպանության կարևորությունը և գոհունակությամբ արձանագրեց, որ Մոնրեալի արձանագրության շրջանակներում Հայաստանը մեծածավալ աշխատանքներ է իրականացնում և էական արդյունքներ ապահովում։

Օզոնի հարցերով ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանը հակիրճ ներկայացրեց, տարվա ընթացքում կատարված աշխատանքի վերաբերյալ տեղեկատվություն, ըստ որի՝ 2018 թվականին Երևանի և մարզերի 3 միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների լսարանները համալրվել են ժամանակակից համակարգչային և տպիչ սարքավորումներով, սառեցման և օդորակման տեխնիկայի մոնտաժման և սպասարկման համար սարքավորումների կոմպլեկտներով, ինչպես նաև մեքենաների օդորակիչների սպասարկման սարքավորումներով: Օզոնի ծրագրի համակարգողն ընդգծեց, որ ծրագրի շրջանակներում իրականացվել է սառեցման և օդորակման տեխնիկայի 40 մասնագետի վերապատրաստում, որի արդյունքում նրանց անվճար տրամադրվել է օզոնաանվտանգ եղանակով սպասարկման արնհաժեշտ գործիքների կոմպլեկտներ: Բացի այդ, մշակվել է ոլորտը կարգավորող օրենսդրության բարեփոխումների փաթեթ։

Միջոցառման մասնակիցներն այցելեցին Ամբերդի օզոնաչափական կայան՝ ծանոթանալու տարածաշրջանում եզակի «Դոբսոն» օզոնաչափիչ սարքավորման կիրառման և մասնագիտական դիտարկումներից ստացված արդյունքների վերլուծական աշխատանքներին։

Հանդիպման արդյունքում մշակվել են մի շարք առաջարկություններ, որոնք կընդգրկվեն 2019 թվականի աշխատանքային ծրագրում: