
2021 թվականի դեկտեմբերի 16-17-ին տեղի ունեցավ Շրջակա միջավայրի նախարարության Օզոնային շերտի պահպանության ծրագրի տարեվերջյան ամփոփիչ հանդիպումը:
Ողջույնի խոսքով հանդես եկան շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, ՄԱԱԶԿ ծրագրի համակարգող Ռոդիկա Իվանը, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ցանցի համակարգող Հալվարթ Քոփենը, ՄԱԱԶԿ հայաստանյան ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանը, Օզոնային շերտի ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանը:
Խոսնակներն իրենց ոգևորությունը հայտնեցին մասնակիցը լինելու հաշվետվողական բնույթ կրող շահագրգիռ կողմերի հանդիպմանը, որն անդրադառնում էր Օզոնային շերտի պահպանության ծրագրի տարեկան գործունեությանը, KIP ծրագրի ակնկալվող մեկնարկին և HPMP-III ծրագրի փաստաթղթի հաստատմանը:
Երկօրյա հանդիպմանը քննարկվեցին 2021 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքներն ու դրանց ընթացքը, որոնք անդրադառնում էին օրենսդրական բարեփոխումներին, սառնամատակարարման և օդորակման ոլորտի մասնագետների, ինչպես նաև կրթական ոլորտի մի շարք դասախոսների վերապատրաստմանը, սառնարանային տնտեսություններում նոր տեխնոլոգիաների կիրառմանը, Հայաստանի սառնարանային ասոցիացիայի գործունեությանը, եվրոպական որոշ ստանդարտների տեղայնացմանը, «Կանաչ մաքսատուն» միջազգային նախաձեռնությանը և դրա ենթատեքտում կնքված եռակողմ հուշագրին, օզոնային շերտի պահպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումներին, օզոնաքայքայիչ նյութերի ներմուծման/արտահանման լիցենզավորման էլեկտրոնային համակարգին և այլ հարցերի:
Հանդիպման ավարտին արձանագրվեցին մի շարք կարևոր առաջարկներ, որոնք վերաբերում էին իրազեկվածության բարձրացմանը օրենսդրական փոփոխությունների մասով և առհասարակ օզոնային շերտի պահպանության վերաբերյալ, արդյունավետ համագործակցությունների շարունակելիությանն ու նոր համագործակցություներին, տեղեկատվական նոր հարթակների ընդգրկմանը տարեկան միջոցառումներում, ՍՈՋՊ ոլորտի գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված կարիքների գնահատմանը:
Հնչեցված առաջարկները կներառվեն Օզոնային շերտի պահպանության ծրագրի 2022 թվականի աշխատանքային ծրագրում: