Օզոնի
ծրագիր

Շահագրգիռ կողմերի 2022 թվականի ամփոփիչ հանդիպում
19.12.2022

2022 թվականի դեկտեմբերի 15-16-ին տեղի ունեցավ շրջակա միջավայրի նախարարության «Օզոնային շերտի պահպանություն» ծրագրի տարեվերջյան ամփոփիչ հանդիպումը:

Միջոցառմանը  մասնակցում էին ԿԳՄՍ նախարարության, քաղաքաշինության կոմիտեի, էկոնոմիկայի նախարարության Ստնդարտացման և չափագիտության ազգային մարմնի, շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի, միջազգային համագործակցության, թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման վարչությունների, ՍՕՋԻ հայկական ասոցիացիայի և «Օզոնային շերտի պահպանություն» ծրագրի ներկայացուցիչները:

Հանդիպումը մեկնարկեց Օզոնային շերտի պահպանության հարցերի ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանի ելույթով, ով ներկայացրեց 2022 թվականի գործունեության ակնարկը` մասնավորապես խոսեց օրենսդրական նախաձեռնությունների, չափաքանակների, լիցենզիաների և մաքսային վերահսկողության, սառնամատակարարման և օդորակման ոլորտում ծավալված գործընթացների, իրազեկման բարձրացմանն ուղղված միջոցառումների, քաղաքաշինության կոմիտեի հետ գործակցության և թափոնների կառավարման մասին: Հաջորդիվ համապատասխան ոլորտների ներկայացուցիչները մանրամասնորեն անդրադարձան յուրաքանչյուր միջոցառմանը, որի շուրջ ծավալվեց քննարկում:

Առաջին օրն ամփոփվեց թեմատիկ աշխատանքային խմբերում առաջարկությունների մշակմամբ:

Հանդիպման երկրորդ օրը` դեկտեմբերի 16-ին, իր մասնակցությունը բերեց շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը, իսկ ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) ծրագրի համակարգող Յուրի Սորոկինը և ՄԱԱԶԿ հայստանյան ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանը միացան առցանց ձևաչափով:

Նախարարի տեղակալը և միջազգային գործընկերները շնորհակալություն հայտնեցին «Օզոնային շերտի պահպանություն» ծրագրին, որի շնորհիվ Հայաստանն ապահովում է Վիեննայի կոնվենցիայով և Մոնրեալի արձանագրությամբ ստանձնած պարտավորությունների իրականացումը՝ մաժամանակ շնորհավորելով մասնակիցներին Մոնրեալի արձանագրության 35 ամյակի կապակցությամբ:
Գայանե Գաբրիելյանը կարևորեց երկրի ինստիտուցիոնալ կարողությունների հզորացումը և համակարգի ամրապնդումը, օզոնաքայքայիչ նյութերի և ֆտորացված գազերի փուլային փոխարինման շարունակականությունը, որի ընթացքում պետք է ապահովել պետական և մասնավոր ոլորտների գործողությունների սիներգիզմ:

Երկօրյա հանդիպումն ամփոփվեց թեմատիկ աշխատանքային խմբերի առաջարկությունների հնչեցմամբ և առաջնահերթությունների սահմանմամբ: