Օզոնի
ծրագիր

ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ ՍԱՌԵՑՄԱՆ ԵՎ ՕԴՈՐԱԿՄԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ
26.02.2018

Կլոր սեղան-քննարկում

Փետրվարի 26, 2018 թ.

2017 թվականին ՀՀ բնապահպանության նախարարության Օզոնի ազգային կենտրոնի գործուն մասնակցությամբ մեկնարկել է «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության Կիգալիի ուղղման վավերացման գործընթացը: Հաշվի առնելով այդ հանգամանքը, ինչպես նաև այն, որ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է աստիճանաբար հրաժարվել մի շարք հիդրոֆտորածխածինների կիրառումից՝ անցում կատարելով բնական սառնագենտներին, դրանց հետ աշխատանքն անվտանգության տեսանկյունից դառնում է հույժ կարևոր և օրակարգային հարց:

Նկատի ունենալով հարցի կարևորությունը, երկրի ստանձնած պարտավորությունները և նշված փուլային փոխարինմանն ուղղված նախապատրաստական աշխատանքների անհրաժեշտությունը՝ Օզոնի ազգային կենտրոնը ՄԱԱԶԿ-ի աջակցությամբ 2018 թվականի փետրվարի 26-ին ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում կազմակերպեց կլոր-սեղան քննարկում՝ նվիրված «Ստանդարտներ սառեցման և օդորակման տեխնիկայի ոլորտում» թեմային:

Կլոր սեղանը մեկնարկել է Օզոնի ազգային կենտրոնի պաշտոնական կայքում տեղադրված «օնլայն» հարցումից՝ բացահայտելու մասնակիցների իրազեկվածությունը ոլորտային ստանդարտների առկայության, դրանց կիրառելիության, անհրաժեշտության և մշակման գործընթացների վերաբերյալ:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ, Օզոնի ազգային կենտրոնի փորձագետներ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Ստանդարտների ազգային ինստիտուտի ներկայացուցիչներ, ինչպես նաև սառեցման և օդորակման տեխնիկայի ոլորտում մասնագիտացած «Նազարյան Քուլինգ» ընկերության ներկայացուցիչներ: Մասնակիցներին ներկայացվել են ստանդարտների կարևորությունը Մոնրեալի արձանագրության ենթատեքստում, ստանդարտների մշակման և ընդունման գործընթացները ՀՀ-ում, ինչպես նաև սառեցման և օդորակման տեխնիկայի ոլորտում ստանդարտների կիրառելիությունը երկրում բիզնեսի տեսանկյունից:

Քննարկման արդյունքում արձանագրվել է մասնակիցների համաձայնություն այն մասին, որ ստանդարտների կիրառելիությունը երկրում անհրաժեշտություն է և դա ապահովելու համար պետք է ներուժի մեկտեղում ու գործնական քայլերի իրականացում: