Օզոնի
ծրագիր

Ստանդարտների համաշխարհային օր
14.10.2021

Յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 14-ին աշխարհում նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը, որը հնարավորություն է տալիս համատեղ գնահատելու ամբողջ աշխարհում կամավոր տեխնիկական համաձայնագրերի մշակմամբ զբաղվող հազարավոր փորձագետների աշխատանքը, որոնք հրատարակվում են որպես միջազգային ստանդարտներ:  

Ստանդարտների համաշխարհային օրն այս տարի նշվում է «Աշխարհն ավելի լավը դարձնելու ընդհանուր տեսլական» կարգախոսով, որն ուղղված է ՄԱԿ-ի կողմից հռչակված Կայուն զարգացման նպատակներին և նշանավորվում որպես բազմամյա գործողությունների հանրագումարի և գնահատման ամփոփում, հասկանալու՝ ինչպես են միջազգային ստանդարտները նպաստում և դառնում Կայուն զարգացման նպատակներին հասնելու անբաժանելի մասը:

Շրջակա միջավայրի նախարարության Օզոնի ծրագրի և Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի համագործակցությունը մեկնարկել է 2019 թվականին, երբ գործարկման մեջ են դրվել ՀՍՏ ԵՆ 378-3-2019 «Սառնարանային համակարգեր և ջերմային պոմպեր. Անվտանգության և շրջակա միջավայրի պահպանությանն ուղված պահանջներ. Մաս 3. Սարքավորումների տեղադրումը և անհատական պաշտպանությունը»  և ՀՍՏ ԵՆ 378-4-2019 «Սառնարանային համակարգեր և ջերմային պոմպեր. Անվտանգության և շրջակա միջավայրի պահպանությանն ուղված պահանջներ. Մաս 4. Շահագործումը, տեխնիկական սպասարկումը, վերանորոգումը և վերականգնումը» ստանդարտները: 2020 թվականին գործարկման մեջ են դրվել Ստանդարտների աշխատանքային խմբի կողմից տեղայնացված և օրենքով սահմանված կարգով հաստատված ՀՍՏ ԵՆ 378-1-2020 «Սառնարանային համակարգեր և ջերմային պոմպեր. Անվտանգության և շրջակա միջավայրի պահպանությանն ուղված պահանջներ. Մաս 1. Հիմնական պահանջներ, որոշում, դասակարգում և ընտրության չափանիշներ»  և ՀՍՏ ԵՆ 378-2-2020 «Սառնարանային համակարգեր և ջերմային պոմպեր. Անվտանգության և շրջակա միջավայրի պահպանությանն ուղված պահանջներ. Մաս 2. Նախագծում, կառուցում, պատրաստում, փորձարկում, մակնշում և փաստաթղթավորում» ստանդարտները: Իսկ 2021 թվականին Օզոնի ծրագիրը և Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմինը համատեղ մշակել են ՀՍՏ ԵՆ 13313:2021 «Սառնարանային համակարգեր և ջերմային պոմպեր. Անձնակազմի իրավասություն (կոմպետենտություն)» ազգային ստանդարտը ԵՆ 13313 միջազգային ստանդարտի հիման վրա:

Խորհրդանշական է, որ վերոնշյալ բոլոր ստանդարտները գործարկվել են տվյալ տարվա սեպտեմբերի 16-ին՝ Օզոնային շերտի պահպանության համաշխարհային օրը: