Համաշխարհային համաձայնագրերից քչերն են գրանցել այն հաջողությունը, ինչ Օզոնային շերտի պահպանության մասին Վիեննայի կոնվենցիան: Այսօր՝ Օզոնային շերտի պահպանության համաշխարհային օրը, մենք նշում ենք սույն Կոնվենցիայի 35 տարին, որն առաջին քայլն էր ուղղված մոլորակի օզոնային շերտի վերականգմանը:
Օզոնային անցքն առաջացել էր աերոզոլներում և հովացման սարքերում օգտագործվող գազերի արտանետումներից: Կոնվենցիայի Մոնրեալի արձանագրության շրջանակներում կառավարությունների, գիտական համայնքի և արդյունաբերության համատեղ աշխատանքի արդյունքում մինչ այժմ հաջողվել է փոխարինել այդ գազերի 99% -ը. օզոնային շերտն այժմ վերականգնվում է՝ նպաստելով մարդկության և էկոհամակարգերի առողջության պահպանությանը:
Սակայն Մոնրեալի արձանագրության առաքելությունն ավարտված չէ: Արձանագրության Կիգալիի փոփոխությունը միջազգային հանրությանը ստեղծում է հնարավորություններ գտնելու այլընտրանքներ այն սառնագենտների համար, որոնք մեծացնում են կլիմայի սպառնալիքները:
Լիակատար կիրարկման պարագայում, Կիգալիի փոփոխությունը կարող է կանխել մոլորակի 0,4 °C տաքացումը: Շնորհավորում ենք առաջատար 100 անդամ երկրներին, որոնք արդեն վավերացրել են Կիգալիի փոփոխությունը:
COVID-19 համավարակի հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական խնդիրների համընդհանուր լուծման ակնկալիքով, մենք պետք է հանձնառու լինենք կառուցելու ավելի ուժեղ և դիմացկուն հասարակություններ:
Մեր պարտքն է ներդրումներ կատարել կլիմայի փոփոխությանը դիմակայելու և մեզ պահպանող բնությունն ու էկոհամակարգերը պաշտպանելու գործում:
Օզոնի համաձայնագրերն առանձնանում են որպես ոգեշնչող օրինակներ, փաստելով, որ այնտեղ, որտեղ գերակշռում է քաղաքական կամքը, ընդհանուր գործը շահում է:
Թող օզոնային շերտի պահպանության հարցում մեր համատեղ աշխատանքը լինի ոգեշնչող, և թող նույն կամքով շարունակենք առողջացնել մոլորակը և մարդկության համար կերտենք պայծառ ու արդար ապագա:
Անտոնիո Գուտերեշ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
Օզոնային շերտի պահպանության համաշխարհային օր
Սեպտեմբերի 16, 2020 թ.