Օզոնի
ծրագիր

Սեպտեմբերի 16. ճանաչողական այց «Ամբերդ» օզոնաչափական դիտակայան տարածաշրջանային պետական քոլեջների ուսանողների համար
10.09.2024

Օզոնային շերտի պահպանության համաշխարհային օրվան նվիրված միջոցառումներն այս տարի մեկնարկեցին 2024 թվականի սեպտեմբերի 10-ին ուսանողների համար կազմակերպված ճանաչողական այցով ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի «Ամբերդ» օզոնաչափական դիտակայան: Այցին մասնակցում էին Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի և Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջի «Սառնարանային տնտեսություն» մասնագիտության 1-ին կուրսի շուրջ 40 ուսանող։

Օզոնային շերտի պահպանության հարցերով ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանը ուսանողների հետ զրույցում անդրադարձավ «Սառնարանային տնտեսություն» մասնագիտությանն ու դրա կարևորությանը, խոսեց  օզոնային շերտի և սառնարանային ոլորտի միջև եղած կապին,  շեշտեց օզոնային շերտի կարևորությունը, արևի վտանագավոր ՈՒՄ ճառագայթներից պաշտպանվելու անհրաժեշտությունը:

Եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով մասնակիցներին հնարավորություն չընձեռվեց կատարել օզոնաչափական դիտարկում տարածաշրջանում միակը հանդիսացող Դոբսոնի սպեկտրոֆոտոմետրի միջոցով, սակայն կայանի մասնագետը տեղում մանրամասն ներկայացրեց իրականացվող չափումների ընթացակարգը: Հելիոերկրաֆիզիկայի և ռադիոլոգիայի բաժնի պետ Անահիտ Ասատրյանը խոսեց ստացված տվյալների կարևորության, դրանք միջազգային ցանց ներկայացնելու, ամեն օր հրապարակվող ուլտրամանուշակագույն ճառագայթման իդենքի և դրա արժեքների նշանակության մասին:

Հիշեցնենք, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսի ամենօրյա կանխատեսումները յուրաքանչյուր աշխատանքային օր հրապարակվում են «Օզոնայիին շերտի պահպանություն» ծրագրի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

Օզոնային շերտի պահպանության համաշխարհային օրվան նվիրված միջոցառումներն իրականացվում են ՇՄՆ-ի կողմից ՄԱԱԶԿ-ի հետ համատեղ իրականացվող «Ինստիտուցիոնալ համակարգի հզորացում և կարողությունների ստեղծում» ծրագրի շրջանակներում: