
2025 թվականի փետրվարի 10-ին Շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի կողմից համատեղ իրականացվող «Էներգաարդյունավետության լրացուցիչ միջոցառումներ սառնամատակարարման ոլորտում» ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել հանդիպում գործող ճարտարապետների, շենքերի նախագծողների, շինարարների, սառնամատակարարման և օդորակման ոլորտի ճարտարագետների, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել է վերը նշված ոլորտների շուրջ 50 մասնագետ: Հանդիպումն իրականացվել է «Պրոֆալ» ՍՊԸ-ի հետ համագործակցությամբ վերջինիս պատկանող «Օ2 Գարդենս» համալիրում:
«Օզոնային շերտի պահպանություն» ծրագրի փորձագետը խոսել է էներգաարդյունավետության հիմնական սկզբունքներից, ցածր ԳՏՊ ունեցող սառնագենտներով աշխատող և էներգարդյունավետ սառնամատակարարման և օդորակման համակարգերի և սարքավորումների ընտրության առավելություններից, ինչպես նաև ոլորտի իրավական կարգավորումներից՝ շեշտելով էներգիայի սպառումը կրճատելուն և շրջակա միջավայրի վրա ազդեցությունը նվազեցնելուն միտված քայլերում նոր տեխնոլոգիաների և լուծումների հույժ կարևորությունը: Փորձագետի կողմից խոսվել է նաև պասիվ հովացման կարևորությունից և դրա արդյունքում էներգետիկ բեռի թեթևացման անհրաժեշտությունից:
Իր ելույթով հիմնական շեշտադրումներին անդրադարձել է նաև «Պրոֆալ» ՍՊԸ-ի կոմերցիոն տնօրենը՝ ներկաներին ծանոթացնելով ընկերության պատմությանը, գործունեության հիմնական ուղղություններին, այս թվում՝ էներգախնայող դռների, պատուհանների և «կանաչ» ֆասադների ու տանիքների նախագծմանն ու արտադրությանը, որոնց իրականացման միջոցով հնարավոր է լինում ապահովել շենքերի և շինությունների էներգախնայողության բարձր մակարդակ: Անդրադարձ է արվել դռների և պատուհանների արտադրության գործընթացում «LOOP 60» սերտիֆիկացմամբ վերամշակվող նյութերի օգտագործմանը և «Passive House» նախագծերի արդյունավետությանը կրկին էներգախնայողության ենթատեքստում:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի էներգաարդյուավետության որակավորված մասնագետ Իվան Արդհալջյանը ներկայացրել է Հայաստանում «Գրեթե զրո էներգասպառող տուն» օրինակը՝ ներկայացնելով մասնագետներին նախագծման և կառուցման փուլերը, դրանք իրականացնելու համար երկրում առկա հնարավորություններն ու խոչընդոտները, ինչպես նաև լուծումները և արդյունքը՝ հիմնաված սեփական օրինակի վրա:
Հանդիպումն ամփոփվել է հարց ու պատասխանով և մասնակիցների՝ հետագա գործունեության մեջ ստացված գիտելիքների գործնական կիրառման ակնկալիքով: Ինչպես նաև, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի էներգաարդյուավետության որակավորված մասնագետ Իվան Արդհալջյանն ընդունել է «Օզոնային շերտի պահպանություն» ծրագրի և համալսարանի առաջարկությունը՝ նման դասախոսությամբ հանդես գալու համալսարանում ուսանողների ավելի մեծ լսարանի առջև: Բացի այս, ձեռք է բերվել պայմանավորվածություն «Օզոնային շերտի պահպանություն» ծրագրի և համալսարանի միջև՝ համալսարանում կազմակերպելու միջոցառում, որի ընթացքում ուսանողները ելույթներ կունենան և կներկայացնեն իրենց նախագծերը:
Միջոցառմանը մասնակցեց 19 կին և 30 տղամարդ: