ՄԱԿ-ի կողմից հռչակված երիտասարդության օրվան ընդառաջ՝ 2024 թվականի օգոստոսի 12-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ «Երիտասարդության համաշխարհային օրը բնապահպանական մարտահրավերների համատեքստում» հանդիպում-քննարկում, որը կազմակերպվել էր Շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության հետ համատեղ իրականացվող «Ինստիտուցիոնալ ուժեղացում և կարողությունների ստեղծում» ծրագրի շրջանակներում:
Հանդիպմանը մասնակցեցին Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի ղեկավար Դենիս Ի. Բեսեդիչը, շրջակա միջավայրի նախարարության՝ Մոնրեալի արձանագրության ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանը, Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող Մարի Չաքրյանը, Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անի Հակոբյանը, ինչպես նաև «Ինֆորմացիայի և կրթության զարգացման ցանց» և «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, Երևանի պետական համալսարանի, Արմավիրի տարածաշրջային պետական քոլեջի, Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջի, հանրակրթական դպրոցների շուրջ 40 ուսուցիչներ, դասախոսներ և սաներ:
Օրվա խորհուրդը կրողներին՝ երիտասարդներին, ողջույնի խոսք և ուղերձ հղվեց շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի անունից և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի ղեկավար Դենիս Ի. Բեսեդիչի կողմից, որոնցում շեշտվեց երիտասարդների դերը բնապահպանական խնդիրների առաջադրման և դրանց լուծման համատեքստում, ու կոչ արվեց երիտասարդներին՝ անմասն չմնալ կայուն զարգացման նպատակների իրագործմանն ուղղված միջազգային քայլերից:
«Կայուն զարգացման նպատակներին հասնելը պահանջում է ցնցում, որը կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե մենք հզորացնենք երիտասարդներին և աշխատենք նրանց հետ հավասարի պես:»,- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի խոսքերով իր բացման խոսքը սկսեց Վիեննայի կոնվենցիայի և Մոնրեալի արձանագրության հարցերով ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանը: Տիկին Ղահրամանյանը անդրադարձ կատարեց օզոնային շերտի պահպանության, Մոնրեալի արձանագրությամբ ստանձնած պարտավորությունների իրականացման և այդ գործընթացներում ուսումնական հաստատությունների ներգրավվածության հնարավորություններին և կարևորությանը: Ելույթն ամփոփվեց խաղ-վիկտորինայով և մրցանակի շնորհման արարողությամբ:
Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող Մարի Չաքրյանը ներկայացրեց մասնակիցներին կոնվենցիայի դրույթերն ու որոշումների կայացման հարցում հանրության մասնակցայնության ապահովման կարևորությունը և էկոկրթության դերը ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների համատեքստում: Տիկին Չաքրյանը հղում կատարեց նաև Ռիոյի հռչակագրին և ՄԱԿ-ի՝ Երեխաների պաշտպանության մասին կոնվենցիային:
Բանախոսություններով հանդես եկան նաև երիտասարդական հասարակական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները՝ շեշտելով ոլորտում երիտասարդների ներգրավվածության հաջողված փորձերը և իրականացված ծրագրերը։
Հանդիպման ավարտին ներկայացուցիչները հույս հայտնեցին, որ իրենց և ոլորտային գործընկերների մասնագիտական ուղղորդումներն ու տեխնիկական օժանդակությունները տալիս են ակնկալվող արդյունքները և կտան նաև ապագայում, ինչպես նաև մաղթեցին ապագա մասնագետներին սեփական ուժերի նկատմամբ հավատի և ստեղծագործական մտքի ավելացում, ինքնուրույնություն և պետական մտածողություն: