Չորրորդ տարին անընդմեջ Շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության կողմից իրականացվող «Ինստիտուցիոնալ հզորացում և կարողությունների ստեղծում» ծրագրի շրջանակում կազմակերպվում են միջոցառումներ՝ նվիրված ՄԱԿ-ի կողմից հռչակված Երիտասարդության միջազգային օրվան։
Օգոստոսի 11-ին «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի Օրհուս կենտրոնում կայացել է «Բնապահպանական խնդիրների լուծումները երիտասարդների պատկերացմամբ» խորագրով գաղափարների աշխատարան։
Միջոցառմանը մասնակցել են Շրջակա միջավայրի և ԿԳՄՍ նախարարությունների ներկայացուցիչներ, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Թումո լաբի մասնագետներ, ինչպես նաև «Ապահով անկյուն» սոցիալ-կրթական ՀԿ-ի երիտասարդներ։
Աշխատարանի նպատակն էր խթանել երիտասարդների էկոլոգիական մտածողությունը և ստեղծել բաց հարթակ, որտեղ նրանք կարող էին բարձրաձայնել իրենց համայնքների բնապահպանական խնդիրները և առաջարկել նորարարական լուծումներ։
Երիտասարդության միջազգային օրվա այս տարվա թեման՝ «Տեղական երիտասարդական նախաձեռնություններ կայուն զարգացման նպատակներին և ավելիին հասնելու համար», ընդգծում է, որ երիտասարդները ոչ միայն ապագայի ռեսուրս են, այլև ներկան ձևավորողներ՝ համայնքային առաջնորդության, նորարարության և փոփոխության ակտիվ գործիչներ։
Մոնրեալի արձանագրության հարցերի ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանն իր սահիկաշարում անդրադարձել է երիտասարդ գիտնականների դերին, ովքեր 1974 թվականին բացահայտել են օզոնային շերտի քայքայման խնդիրը՝ հենց այս համատեքստում ընդգծելով միջոցառման երտասարդ մասնակիցներից յուրաքանչյուրի դերակատարությունը աշխարհը դեպի լավը փոխելու գործընթացում։
Հանդիպման ընթացքում ներկայացվել է նաև Օրհուս կենտրոնի դերը՝ երիտասարդներին բնապահպանական գործընթացներում ներգրավելու և նրանց իրազեկվածությունը բարձրացնելու գործում։ Խոսվել է նաև Օրհուսի կոնվենցիայի և օզոնային շերտի պահպանության ոլորտում երիտասարդների հնարավորությունների մասին։
Քննարկումների առանցքում է եղել այն համոզմունքը, որ բնապահպանական խնդիրների վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը, հմտությունների զարգացումը և երիտասարդների ակտիվ ներգրավվածությունը երկարաժամկետ ներդրում են կայուն ապագայի համար։




