Օզոնի
ծրագիր

Երիտասարդության միջազգային օր 2025. մաս 2
12.08.2025

2025 թվականի օգոստոսի 12-ին տարվա «Երիտասարդության մայրաքաղաք» հռչակված Ապարանում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի համատեղ աջակցությամբ կազմակերպվել են մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ պանելային քննարկումներ, ցուցահանդես և տարատեսակ մրցույթներ:

Ցուցահանդեսին մասնակցել է նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության կողմից համատեղ իրականացվող «Օզոնային շերտի պահպանություն» ծրագիրը՝ համագործակցելով Սառեցման, օդորակման և ջեռուցման ինժեներական հայկական ասոցիացիայի և Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի հետ:

Օզոնային շերտի պահպանության թեմատիկ տաղավարում  Ծրագրի ներկայացուցիչները և Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի «Սառնարանային տնտեսություն» ֆակուլտետի շրջանավարտները միջոցառման մասնակիցներին և այցելուներին ներկայացրել են մասնագիտության և սառնամատակարարման ոլորտի արդիականությունն ու կարևորությունը՝ ընդգծելով դրանց կապը օզոնային շերտի պահպանության հետ:

Սառեցման, օդորակման և ջեռուցման ինժեներական հայկական ասոցիացիայի աջակցությամբ՝ ուսանողները նաև իրականացրել են գազաանալիզատորով գազերի (սառնագենտ) տեսակի հատկորոշման ցուցադրություն:
Տաղավարի այցելուների թվում են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսը և այլք:

Շնորհավորելով երիտասարդներին տոնական օրվա առթիվ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ՄԱԿ-ի կողմից հայտարարված այս տարվա կարգախոսը՝ «Երիտասարդական տեղական նախաձեռնություններ՝ Կայուն զարգացման նպատակներին և ավելիին հասնելու համար», շեշտում է երիտասարդների նշանակալի ներդրումը համայնքային կյանքում։

Ժաննա Անդրեասյանը շեշտել է, որ երիտասարդների նկատմամբ ուշադրությունը պետք է չսահմանափակվի միայն տարվա մեկ օրով․ նրանք պետք է ներգրավված լինեն յուրաքանչյուր կարևոր հարցի քննարկման ժամանակ։ Նախարարի համոզմամբ՝ «Երիտասարդական քաղաքականության մասին» նոր օրենքը հնարավորություն է տալիս այս գործընթացը դարձնել ինստիտուցիոնալ և շարունակական։