2025 թվականի հոկտեմբերի 7-9-ը Երևանում կայացավ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ցանցի երկրորդ հանդիպումը։
Հանդիպմանը մասնակցեցին Մոնրեալի արձանագրության ազգային համակարգողներ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներից, ինչպես նաև ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP), ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP), ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO), Օզոնային շերտի պահպանության քարտուղարության ներկայացուցիչներ։
Հայաստանյան պատվիրակության կազմում էին շրջակա միջավայրի նախարարության մթնոլորտային քաղաքականության, վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության, կլիմայական քաղաքականության, միջազգային համագործակցության վարչությունների, ՍՕՋԻ հայկական ասոցիացիայի ներկայացուցիչները և «Օզոնային շերտի պահպանություն» ծրագրի փորձագետները։
Բացման խոսքով հանդես եկավ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը՝ ողջունելով հյուրերին և շնորհակալություն հայտնելով համագործակցության համար։
Նա նշեց, որ Հայաստանը հպարտությամբ հյուրընկալում է ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի «ՕզոնԷքշն» մասնաճյուղի տարածաշրջանային հերթական հանդիպումը՝ ընդգծելով, որ ՄԱԿ-ի հետ ոլորտային համատեղ նախաձեռնությունները նպաստում են Վիեննայի կոնվենցիայի և Մոնրեալի արձանագրության շրջանակում Հայաստանի պարտավորությունների իրականացմանը։
Հանդիպման նպատակն էր տարածաշրջանի երկրների միջև փոխանակել Մոնրեալի արձանագրության իրականացման փորձն ու լավագույն պրակտիկան։ Միջոցառումը կազմակերպվել էր ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համատեղ ջանքերով։
Օրակարգում ընդգրկված էին ազգային ծրագրերի իրականացման ընթացքի մասին զեկույցներ, էներգախնայողության և սառնարային համակարգերի անվտանգության հարցեր, գենդերային մոտեցումների ինտեգրման փորձի քննարկումներ, ինչպես նաև ֆտորացված գազերի նվազեցման, լիցենզավորման և մոնիթորինգի ոլորտներում փորձի փոխանակում։
Հայաստանը ներկայացրեց Վրաստանի հետ ունեցած համագործակցության արդյունքները, այդ թվում՝ երկու երկրների համապատասխան մարմինների միջև կայացած առցանց հանդիպումը, որը նվիրված էր Վրաստանի տարածքով կարգավորվող նյութերի տարանցիկ փոխադրման ընթացակարգերին։ Ներկայացվեցին նաև ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի հետ համատեղ մշակված տեսահոլովակներ, որոնք ուղղված են էներգախնայող (էներգաարդյունավետ) սառնարանների և օդորակիչների կիրառման վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացմանը և շրջակա միջավայրի նկատմամբ բարեխիղճ վարքագծի ձևավորմանը։
Բացի այդ, Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի փորձագետը ներկայացրեց Շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ տեղայնացված ոլորտային անվտանգության ստանդարտները։
Ամփոփելով հանդիպումը՝ մասնակիցները սահմանեցին տարածաշրջանային առաջնահերթությունները 2026 թ․-ի համար՝ կարևորելով համագործակցության, գիտելիքի փոխանակման և նորարարական լուծումների շարունակականությունը։







