Օզոնի
ծրագիր

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ «ԴԱՍԱՎԱՆԴԻ´Ր, ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԵՏ
13.04.2019

Բնապահպանության նախարարության և «Դասավանդի´ր, Հայաստան» կրթական հիմնադրամի միջև համագործակցության մեկնարկը տրվեց 2019 թվականի ապրիլի 13-ին Ֆրանսիական համալսարանում տեղի ունեցած միջոցառմամբ: Միջոցառմանը մասնակցում էին շուրջ 60 ուսուցիչներ Հայաստանի տարբեր մարզերից: Մասնակիցներին ներկայացվեց օզոնային շերտի կարևորությունը, մասնավորապես՝ արևի ՈՒՄ ճառագայթների ներգործությունը և դրանից պաշտպանվելու անհրաժեշտությունը;

Անդրադարձ կատարվեց նաև բնապահպանության նախարարության կողմից մշակված և կրթության և գիտության նախարարության կողմից որպես էլեկտրոնային ռեսուրս հաստատված «Մոլորակն իմ տունն է. օզոն և կլիմա» էլեկտրոնային խաղին: Մասնակիցներին տեղեկացվեց, որ կառավարությունը 2019 թվականը հռչակել է Կովկասյան ընձառյուծի տարի և ցուցադրվեց բնապահպանության նախարարության կողմից մշակված թեմատիկ տեղեկատվական վիդեոհոլովակը: Հանդիպման ավարտին ուսուցիչներին բաժանվեցին առողջապահության նախարարության հետ համատեղ մշակված 2000 հատ «Արև, արև, եկ, եկ» ներկիր ինքդ գրքույկներ և 150 պաստառներ՝ դրանք աշակերտներին բաժանելու նպատակով:

«Դասավանդի´ր, Հայաստան» կրթական հիմնադրամի և բնապահպանության նախարարության միջև համագործակցությունը շարունակական է լինելու: Հաջորդիվ՝ նախատեսվում է  կազմակերպել ToT (ուսուցիչների ուսուցում) խորացված դասընթաց «Դասավանդի´ր, Հայաստան»-ի այն մասնակիցների համար, ովքեր համապատասխան առարկաներ են դասավանդում դպրոցում (օր.՝ բնագիտություն, աշխարհագրություն, շրջակա միջավայր և այլն): Բացի այս, սահմանամերձ համայնքներում բնապահպանության նախարարության մասնագետները «Դասավանդի´ր, Հայաստան»-ի ուսուցիչների հետ համատեղ կանցկացնեն բաց դասեր: