Օզոնի
ծրագիր

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏՆԵՐԻ, ՍԱՌՆԱՐԱՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Notice: A non well formed numeric value encountered in /var/www/vhosts/saveozone.am/httpdocs/templates/post.php on line 12
18.02.2019

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏՆԵՐԻ, ՍԱՌՆԱՐԱՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

2018 թվականի սեպտեմբերի 18-ին «Հայաթ փլեյս» հյուրանոցում տեղի ունեցավ սուպերմարկետների, սառնարանային տնտեսությունների և հյուրանոցների ներկայացուցիչների հետ հանդիպում ժամը 11:00-ից մինչև ժամը 18:00-ն:

Հանդիպման նպատակն էր ներկայացնել տվյալ ոլորտում օգտագործվող սառեցման և օդորակման սարքավորումների միջոցով բնության վրա բացասական ազդեցությունը նվազեցնելու հնարավոր լուծումներն ու առաջարկությունները, ինչպես նաև տվյալ ոլորտի վերաբերյալ միջազգային շուկայում առկա միտումները:

Հանդիպման ընթացքում հիշատակվեց Օզոնային շերտի պաշտպանության միջազգային օրվա` սեպտեմբերի 16-ի մասին, դրա կարևրության և տեղեկացվածության մակարդակի բարձրացման անհրաժեշտության մասին, ներկայացվեց ՄԱԿ-ի կողմից մշակված «Սա´ռը դատիր, շարունակի´ր» տարվա պաստառն ու կարգախոսը:

Եղավ անդրադարձ նաև Մոնրեալի արձանագրության Կիգալիի ուղղմանը, որն ընդունվել է 2016թ-ի հոկտեմբերի 15–ին Ռուանդայի մայրաքաղաք Կիգալիում և այժմ գտնվում է Հայաստանում վավերացման փուլում: Այս համատեքստում ևս մեկ անգամ կարևորվեց Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների շարունակական կատարումն ու դրանցով պայմանավորված՝  սպասվելիք նոր իրավակարգավորումներին պատրաստվելը:

Բացի այս, ներկայացվեցին GIZ գերմանական կազմակերպության կողմից պատրաստված և Օզոնի ծրագրի կողմից տեղայնացված հայալեզու պաստառները, ինչպես նաև  սառնարանային և օդորակման տեխնոլոգիաների անվտանգ սպասարկմանն ուղղված շարժական հավելվածը:

Հանդիպման ամբողջ ընթացքը ուղեկցվում էր հարց ու պատասխանով, քննարկումներով և մասնագիտական բանավեճերով, որոնց ընթացքում մասնակիցները կարողացան բարձրաձայնել ոլորտին առնչվող բազմաթիվ հարցեր և ներկայացնել առաջարկություններ՝ կապված նաև նորագույն «կանաչ»  տեխնոլոգիաների ներդրման հետ:

Օզոնի ծրագիրը նմանատիպ հանդիպումների կազմակերպումը համարում է անհրաժեշտ՝ տնտեսվարողների կողմից գոյություն ունեցող խնդիրների բարձրաձայնման, իրազեկվածության աստիճանի բարձրացման, ոլորտի քաղաքականության մասնակցային մշակման և համապատասխան որոշումների կայացման տեսանկյունից: