
2022 թվականի նոյեմբերի 17-ին շրջակա միջավայրի նախարարությունը ՄԱԱԶԿ-ի հետ համատեղ իրականացվող «Ինստիտուցիոնալ համակարգի հզորացում և կարողությունների ստեղծում» ծրագրի շրջանակներում մեկնարկեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաների հետ հանդիպումների շարք: Միջոցառման նպատակն է երիտասարդ սերնդին ծանոթացնել բնապահպանական տարբեր ուղղություններին՝ հնարավորություն ընձեռելով իրազեկվելու արդի խնդիրների մասին և ինչո՞ւ ոչ՝ մասնակիցը դառնալու հնարավոր լուծումներին:
Հանդիպման առաջին օրն անցկացրեցին շրջակա միջավայրի նախարարության «Օզոնային շերտի պահպանություն» ծրագրի, Մթնոլորտային օդի քաղաքականության և Կլիմայական քաղաքականության վարչությունների ներկայացուցիչները:
Հանդիպմանը մասնակցում էին շուրջ 40 աշակերտներ, ուսանողներ և մանկավարժներ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մայր դպրոցից և քոլեջից, ովքեր, տեսական մասից, ցուցադրված վիդեոհոլովակներից և մուլտֆիլմից հետո, փորձեցին առավելագույնը քաղել դասընթացից մասնագետներին հղելով իրենց հարցերն ու առաջարկները:
Ունեցանք նաև հաճելի «ընդհատում». նախակրթարանի փոքրիկ սաներն իրենց երաժշտական կատարմամբ մասնակից դարձրին բոլորիս արդեն տարիներ շարունակ համալիրում իրականացվող ազգային ծիսական արարողություններց մեկին:
Հաջորդ հանդիպումները տեղի կունենան հետևյալ ժամանակացույցով. նոյեմբերի 24՝ Ջրային քաղաքականության, Վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության, Ռազմավարական քաղաքականության վարչություններ, դեկտեմբերի 1՝ Հողերի և ընդերքի քաղաքականության, Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչություններ:
Միջոցառումը կամփոփվի դեկտեմբերի 8-ին, երբ ուսանողները, հնարավորինս մանրամասն պատկերացում կազմելով ոլորտի խնդիրների և դրանց լուծմանն ուղղված ջանքերի մասին, կներկայացնեն իրենց տեսակետներն ու մոտեցումները:
Նոյեմբերի 17
Քննարկման թեմաները՝ մթնոլորտային օդի աղտոտվածությունը, օզոնային շերտի պահպանությունը և կլիմայի փոփոխությունը
Նոյեմբերի 24
Քննարկման թեմաները՝ ջրային ռեսուրստերի պահպանությունը, թափոնների տեսակավորումը և պլաստիկի վերամշակումը
Դեկտեմբերի 1
Քննարկման թեմաները՝ հողային և ընդերքի ռեսուրսների պահպանությունը, բնության հատուկ պահպանվող տարածքները և կենսաբազմազանությունը և էլեկտրոմոբիլների արդիականությունը