
Համաձայն նոր իրավակարգավորումների՝ 2021 թվականի ապրիլի 18-ից ՀՖԱ-ների ներկրումը Հայաստան կլիցենզավորվի:
2021 թ-ի ապրիլի 12-ին «Իբիս Երևան Կենտրոն» հյուրանոցում շրջակա միջավայրի նախարարության Օզոնի ծրագրի նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխատաժողով՝ նվիրված ՀՖԱ-ների ներմուծման ընթացակարգի փոփոխությանն ու նոր իրավակարգավորումներին: Հանդիպմանը մասնակցում էին շուրջ 15 ընկերությունների ներկայացուցիչներ ու անհատ ձեռնարկատերեր, ում գործունեությունն ընդգրկում է այնպիսի սառնագենտների ներկրում, որոնք սույն թվականի ապրիլի 18-ից ենթակա են լիցենզավորման:
Օզոնային շերտի հարցերի համակարգող Լիանա Ղահրամանյանը մասնակիցներին ներկայացրեց գալիք փոփոխությունները՝ պայմանավորված ԵԱՏՄ իրավակարգավորումներով և Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխությամբ ստանձնած պարտավորություններով:
Հանդիպմանն առցանց ձևաչափով միացավ նաև էկոնոմիկայի նախարարության պատասխանատու ստորաբաժանման ներկայացուցիչը, ում հետ ձեռք բերվեց պայմանավորվածություն ԵԱՏՄ անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի վերահսկողության ընթացակարգերի պարզաբանման վերաբերյալ:
Անդրադարձ կատարվեց նաև առաջիկայում նախատեսվող հարկային օրենսգրքում կատարվելիք այն փոփոխությանը, որով կնախատեսվի բնապահպանական հարկ ՀՖԱ-ների և ՀՔՖԱ-ների ներկրման պարագայում: