Օզոնի
ծրագիր

«Հիդրոֆտորածխածինների փուլային կրճատման ծրագրի մշակում» (KIP) շահագրգիռ կողմերի առաջին հիբրիդային հանդիպում
30.03.2022

2022 թվականի մարտի 30-31-ին տեղի ունեցավ «Հիդրոֆտորածխածինների փուլային կրճատման ծրագրի մշակում» (KIP) շահագրգիռ կողմերի առաջին հիբրիդային հանդիպումը Ծաղկաձոր քաղաքում։ Հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստան էր ժամանել Մոնրեալի արձանագրության՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ցանցի համակարգող Հալվրթ Քյոփենը, ով, իր բացման խոսքում մասնակիցներին ներկայացրեց ծրագրի նպատակները, կարևորությունն ու արդիականությունը։ Zoom հարթակի օգնությամբ ողջույնի խոսքով հանդես եկան Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը և ՄԱԱԶԿ հայաստանյան ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանը: Հանդիպմանը մասնակցում էին մի շարք գերատեսչությունների համապատասխան ստորաբաժանումների, Հայաստանի սառնարանային ասոցացիայի ներկայացուցիչներ և «Օզոնային շերտի պահպանություն» ծրագրի փորձագետներ։

Միջազգային փորձագետների կողմից պատկերավոր սահիկաշարի միջոցով ներկայացվեցին գործադիր կոմիտեի ուղեցույց փաստաթղթերն ու F-գազերի (ՀՖԱ) կարգավորումները Եվրոպական միությունում։ Հանդիպմանը մասնակցող GEA ընկերությունը ներկայացրեց իր ընդհանուր գործունեությունը ուղղված կայուն զարգացմանն ու բնապահպանական լուծումների ապահովմանը, ինչպես նաև «Երևանի գարեջուր» ընկերության («Կիլիկիա») հետ համատեղ իրականացվող նախագիծը, որի շնորհիվ գործարկվելու է օզոնային շերտը չվնասող և գլոբալ տաքացմանը չնպաստող ամոնիակ բնական սառնագենտով աշխատող տեխնոլոգիան:

 Ազգային փորձագետների մակարդակով անդրադարձ կատարվեց ներպետական ոլորտային օրենսդրությանը, տվյալների հավաքագրման նպատակով կիրառվող գործիքներին և խոչընդոտներին, էներգաարդյունավետությանը Կիգալիի արձանագրության համատեքստում: Մասնակիցների կողմից հանդիպումը գնահատվեց արդյունավետ, և եղավ ընկալում, որ վերը նշված ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է բոլոր կողմերի, այս թվում՝ պետական համապատասխան գերատեսչությունների և մասնավոր հատվածի ներառականություն և համագործակցություն: