Օզոնի
ծրագիր

«Կանաչ մաքսատուն». ներածական դասընթաց մաքսային ծառայողների համար
19.04.2024

2021 թվականի նոյեմբերի 22-ին շրջակա միջավայրի նախարարության, պետական եկամուտների կոմիտեի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջև կնքված եռակողմ համագործակցության հուշագրի շրջանակներում 2024 թվականի ապրիլի 19-ին Պետական եկամուտների կոմիտեի «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ում իրականացվել է «Կանաչ մաքսատուն» նախաձեռնություն թեմայով ներածական դասընթաց շուրջ 20 մաքսային ծառայողների համար:

Հանդիպման ընթացքում «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» (CITES) կոնվենցիայի ազգային համակարգող Տաթևիկ Կիրակոսյանը, «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվենցիայի և «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանը, «Միջազգային առևտրում առանձին վտանգավոր քիմիական նյութերի և պեստիցիդների վերաբերյալ նախնական հիմնավորված համաձայնության ընթացակարգի մասին» Ռոտերդամի, «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի ու «Ստնդիկի մասին» Մինամատայի կոնվենցիաների ազգային համակարգող Անահիտ Ալեքսանդրյանը և «Վտանգավոր թափոնների անդրսահմանային փոխադրման և դրանց հեռացման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին» Բազելի կոնվենցիայի ազգային համակարգող Արտակ Խաչատրյանը ներկայացրել են ՀՀ-ում բնապահպանական բազմակողմանի համաձայնագրերը և դրանց կապը մաքսային ոլորտի հետ:

Պետական եկամուտների կոմիտեի գլխավոր մաքսային տեսուչ Լիլիթ Ղազարյանը մասնակիցներին է ներկայացրել «Կանաչ մաքսատուն» նախաձեռնության կարևորությունը և բնապահպանական համաձայնագրերի կիրառելիությունը մաքսանենգության ենթատեքսում: Հանդիպումն ամփոփվել է գազաանալիզատորով գազերի (սառնագենտ) տեսակի հատկորոշման ցուցադրությամբ՝ գործնականում ցուցադրելու, թե ինչպես է հնարավոր այլ մակնշմամբ տարայում շրջանառել արգելված սառնագենտ: Այնուհետև որպես ապագա մաքսային ծառայող ուսանողներին հնարավորություն է տրվել ինքնուրույն փորձարկելու գազաանալիզատորի աշխատանքը: