2021 թվականի նոյեմբերի 22-ին շրջակա միջավայրի նախարարության, պետական եկամուտների կոմիտեի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջև կնքված եռակողմ համագործակցության հուշագրի շրջանակներում 2025 թվականի դեկտեմբերի 8-ին և 9-ին ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ում իրականացվել է «Կանաչ մաքսատուն» նախաձեռնություն թեմայով երկօրյա վերապատրաստման դասընթաց՝ ՊԵԿ «Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների», «Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության», «Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության» և «Մաքսանենգության դեմ պայքարի վարչության» մաքսային ծառայողների համար։
«Կանաչ մաքսատուն» թեմայում ընդգրկված են եղել «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիան (CITES), «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրություն, «Վտանգավոր թափոնների անդրսահմանային փոխադրման և դրանց հեռացման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին» Բազելի կոնվենցիան, ինչպես նաև Ռոտերդամի, Ստոկհոլմի և Մինամատայի բազմակողմ բնապահպանական համաձայնագրերը, որոնցով էլ պայմանավորված դասընթացը վարել են բնապահպանական կոնվենցիաների ազգային համակարգողներ Տաթևիկ Կիրակոսյանը, Արտակ Խաչատրյանը, Շրջակա միջավայրի նախարարության թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման վարչության պետ Գոռ Միքայելյանը, ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի կրտսեր գիտաշխատող Լուսինե Աղաջանյանը և ՀՀ ՊԵԿ «Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության» ցամաքային անցման կետերում աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Լիլիթ Ղազարյանը։
«Օզոնային շերտի պահպանություն» ծրագիրը, համագործակցելով Սառեցման, օդորակման և ջեռուցման ինժեներական հայկական ասոցիացիայի հետ, ներգրավել էր խորհրդի անդամներին, ովքեր մաքսային ծառայողներին ծանոթացրել են ՀՖԱ-ների և ՕՔՆ-երի բազմակի օգտագործման բալոններով ներմուծման վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին և դրանց կիրարկման գործընթացին:
ՍՕՋԻ հայկական ասոցիացիայի խորհրդի նախագահը ցուցադրել է գազաանալիզատորով գազերի (սառնագենտ) տեսակի հատկորոշումը՝ գործնականում ցուցադրելով, թե ինչպես է հնարավոր այլ մակնշմամբ տարայում շրջանառել արգելված սառնագենտ: Մաքսային ծառայողները հնարավորություն են ունեցել ինքնուրույն փորձարկելու գազաանալիզատորը:




