2026 թվականի ապրիլի 21-ին Շրջակա միջավայրի նախարարության «Օզոնային շերտի պահպանություն» ծրագիրը մասնակցեց ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO), ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի, ՄԱԶԾ-ի (UNDP), ՄԱԿ Կանայք (UN Women) կազմակերպության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) հետ համատեղ կազմակերպված «Կանայք արդյունաբերության մեջ» միջազգային օրվան նվիրված միջոցառմանը։
Միջոցառումը համախմբել էր Հայաստանի Հանրապետության կառավարության, մասնավոր հատվածի, ակադեմիական շրջանակների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ քննարկելու Հայաստանում գենդերազգայուն և երիտասարդներին ներառող արդյունաբերական զարգացման հարցեր։
Հանդիպման ընթացքում անցկացվեց պանելային քննարկում, կազմակերպվեց շահագրգիռ կողմերի հետ ինտերակտիվ երկխոսություն, ինչպես նաև ներկայացվեցին նախաձեռնություններ, որոնք նպաստում են արդյունաբերության և բիզնեսի ոլորտներում կանանց հզորացմանը։
Խոսնակների թվում էին աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը, ԿԳՄՍ փոխնախարարը, ՄԱԶԾ-ի գենդերային հավասարության պորտֆելի ղեկավարը, «H-Con» և «Մելանտե» ընկերությունների տնօրենները, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարը և ՄԱԿ Կանայք կազմակերպության ծրագրերի ղեկավարը։
Հաշվի առնելով ՄԱԶԾ-ի գենդերային հավասարության պորտֆելի գործունեությունը՝ մասնավորապես կանանց տնտեսական հզորացմանը միտված ծրագրերը և այդ համատեքստում կանանց շրջանում ոչ ավանդական մասնագիտությունների խթանումը, «Օզոնային շերտի պահպանություն» ծրագիրն արդեն իսկ համագործակցում է պորտֆելի համապատասխան նախաձեռնության հետ՝ Երևանի Ն. Աճեմյանի անվան թիվ 2, Արմավիրի և Արարատի տարածաշրջանային պետական քոլեջներում ուսուցանվող «Սառնարանային տնտեսություն» մասնագիտության ճանաչելիությունը կանանց շրջանում բարձրացնելու նպատակով:
«Օզոնային շերտի պահպանություն» ծրագրի հաջողված համագործակցություններից է եղել նաև պանելային քննարկման խոսնակ «Մելանտե» ընկերության հետ ձևավորված պետություն–մասնավոր հատված համագործակցությունը։ Դրա շրջանակում համատեղ մշակվել են տեղեկատվական պիտակներ, որոնք տրամադրվել են մանկական հագուստ արտադրող մի շարք ընկերությունների՝ իրենց արտադրանքին կցելու նպատակով, այդ թվում՝ «Մելանտե» ընկերությանը։
Միջոցառումը նաև հարթակ դարձավ նոր համագործակցությունների ձևավորման համար։ Մասնավորապես, «Օզոնային շերտի պահպանություն» ծրագրի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի միջև ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ կազմակերպության շուրջ 500 կին շահառուներին ներկայացնելու «Սառնարանային տնտեսություն» մասնագիտությունը։
Համաշխարհային բանկի հետ ձեռք բերվեց պայմանավորվածություն իրենց կողմից կազմակերպվող գենդերային հավասարությանը վերաբերող միջոցառմանը մասնակցություն բերելու վերաբերյալ: Օզոնային շերտի հարցերի ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանի կողմից խոսնակներին ուղղվեց հարց՝ «Սառնարանային տնտեսություն» մասնագիտության դիմորդների թվում կանանց գրեթե լիակատար բացակայության վերաբերյալ։ Խոսնակների գնահատմամբ՝ դրա հավանական պատճառը ոլորտի նկատմամբ ձևավորված կարծրատիպային մոտեցումներն են, որոնք անհրաժեշտ է առնվազն մեղմել։






