Օզոնի
ծրագիր

Կարգավորվող նյութերի տարանցիկ փոխադրում Վրաստանի Հանրապետության տարածքով
02.09.2025

2025 թվականի սեպտեմբերի 2-ին Շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության հետ համատեղ իրականացվող «Ինստիտուցիոնալ հզորացում և կարողությունների ստեղծում» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ «Կարգավորվող նյութերի տարանցիկ փոխադրում Վրաստանի Հանրապետության տարածքով» խորագրով հանդիպում՝ Վրաստանի գործընկերների մասնակցությամբ:

Հանդիպմանը մասնակցում էին վերջին երեք տարիների ընթացքում կարգավորվող նյութերի ներմուծմամբ զբաղվող և 2026 թվականի ներմուծման անհատական չափաքանակ ստանալու համար 2025 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ հայտ ներկայացրած տնտեսավարողները: Հանդիպման նպատակն էր մասնակիցներին ներկայացնել Վրաստանի Հանրապետության տարածքով կարգավորվող նյութերի տարանցիկ փոխադրման ընթացակարգերը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանց ներկայացման ժամկետները և եղանակները, ներկայացնող սուբյեկտները և այլն։ Գործող իրավական կարգավորումները ներկայացվեցին Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության աշխատակից Լաշա Ախալաիայի կողմից հեռավար ձևաչափով։ Տնտեսավարողներն ունեցան հնարավորություն բարձրացնելու հարցեր և ստանալու անհրաժեշտ պարզաբանումներ։

Հայաստանյան տնտեսավարողների համար հանդիպման ընթացքում կարևոր ձեռքբերում կարելի է համարել այն տեղեկությունը, որ տարանցիկ փոխադրման թույլտվությունը, համաձայն վրացական օրենսդրության, հնարավոր է ստանալ նախապես, ինչը հնարավորություն է տալիս արագ և սահուն կազմակերպել կարգավորվող նյութերի տարանցիկ փոխադրումը: