2024 թվականի հոկտեմբերի 30-ին ՄԱԿ-ի օրվա կապակցությամբ Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ «Երիտասարդությունը և կլիմայի փոփոխությունը» թեմայով պանելային քննարկում և ցուցահանդես, որին իր մասնակցությունն է բերել Շրջակա միջավայրի նախարարության՝ ՄԱԱԶԿ-ի հետ համատեղ իրականացվող «Ինստիտուցիոնալ ուժեղացում և կարողությունների ստեղծում» ծրագիրը:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը: Որպես պանելային քննարկման բանախոս հանդես էին գալիս պետական գերատեսչությունների, միջազգային ու հասարակական կազմակեպությունների և դեսպանությունների ներկայացուցիչներ։
Նախքան քննարկումը Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը անդրադարձավ Միավորված ազգերի կազմակերպության գործունեությանը․ «1945 թվականին, երբ հիմնադրվեց ՄԱԿ-ը, աշխարհը վտանգների, տարաձայնությունների և բազմաթիվ մարտահրավերների առջև էր կանգնած։ Կազմակերպության գործունեության երկար տարիների ընթացքում մենք ականատես ենք եղել բազմաթիվ ձեռքբերումների։ ՄԱԿ-ի օրը ոչ միայն տոն է, այլև գործողության կոչ»,-նշել է նախարարի տեղակալը։
Պանելային քննարկման և հարցուպատասխանի ընթացքում անդրադաձ է եղել Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող կլիմայական քաղաքականությանը, դրա ձևավորման մեջ երիտասարդների ներգրավվածությանը, կլիմայի ոլորտում օրենսդրական և հասարակական նախաձեռնություններին, տեղական և միջազգային կլիմայական գործընթացներին, և այս ամենում երիտասարդների ներգրավման ուղիներին։
Օզոնային շերտի պահպանության թեմատիկ տաղավարում մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու ծրագրի գործունեությանը, Հայաստանի կողմից իրականացված քայլերին Մոնրեալի արձանագրության շրջանակներում, սառնամատակարարման ոլորտի արդիականությանն ու կարևորությանը օզոնային շերտի պահպանության և կլիմայի փոփոխության մեղմման համատեքստում: