Օզոնի
ծրագիր

Մեկանգամյա տարաներով սառնագենտների ներմուծման արգելք. կլոր սեղան-քննարկում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ
23.02.2024

2024 թվականի փետրվարի 23-ին Իբիս Երևան կենտրոնում տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում: Հանդիպմանը մասնակցել են շրջակա միջավայրի նախարարության Մթնոլորտային քաղաքականության վարչության, Կլիմայական քաղաքականության վարչության, ՍՕՋԻ հայկական ասոցիացիայի, սառեցման և օդորակման սարքավորումների և սառնագետների ներկրմամբ զբաղվող տնտեսավարողների ներկայացուցիչները և «Օզոնային շերտի պահպանություն» ծրագրի փորձագետները:

Օզոնային շերտի հարցերով ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանը ներկայացրել է  «Մեկանգամյա տարաներով սառնագենտների ներմուծման արգելք» սահմանող օրենսդրական դրույթները և դրանց ուժի մեջ մտնելու ժամկետները՝ ընդգծելով, որ սահմանված օրենդրական պահանջները բխում են Հայաստանի միջազգային պարտավորություններից և Կառավարության ռազմավարական ծրագրերից:

Տնտեսավարողների և մյուս գործընկերների իրազեկվածության բարձրացման, ինչպես նաև միջազգային փորձի ուսումնասիրության նպատակով հանդիպմանը տեսազանգի միջոցով մասնակցել են Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության և Մոնտենեգրոյի Հանրապետության Օզոնային շերտի հարցերով ազգային համակարգողները և ներկայացրել մեկանգամյա տարաներով սառնագենտների ներմուծման արգելքից բխող իրենց երկրների օրենսդրական փոփոխությունները, դրանց կիրառման ընթացքում առաջացած խոչընդոտները և դրանց հաղթահարման եղանակները:

Հանդիպմանը մասնակցել է նաև «Շտիգեն» ընկերության ներկայացուցիչը՝ ներկայացնելով ընկերության պատմությունը և գործունեության հիմնական ուղղությունները, որոնք կարող են հիմք հանդիսանալ շրջակա միջավայրի նախարարության և ոլորտում գործունեություն ծավալող մյուս տնտեսավարողների հետ այս կազմակերպության համագործակցության համար: