Օզոնի
ծրագիր

Ուլտրամանուշակագույն ճառագայթման վնասակար ազդեցությունը. տեղեկատվական պաստառներ և պիտակներ
09.06.2025

Ամռանն ընդառաջ՝ Շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության կողմից իրականացվող «Ինստիտուցիոնալ հզորացում և կարողությունների ստեղծում» ծրագրի շրջանակում մշակվել և տպագրվել է տեղեկատվական շուրջ 1500 օրինակ պաստառ և 2000 պիտակ՝ միտված բարձրացնելու ծնողների իրազեկվածությունը արեգակի վնասակար ուլտրամանուշակագույն (ՈւՄ) ճառագայթման վերաբերյալ և ապահովելու  վերջինիցս մանուկների պաշտպանվածությունը:

Վերոնշյալի վերաբերյալ 2025 թվականի հունիսի 9-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի է ունեցել մամուլի ասուլիս Շրջակա միջավայրի նախարարության իրավախորհրդատու, «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվենցիայի և «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանի, ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Հելիոերկրաֆիզիկայի և ռադիոլոգիայի բաժնի պետ Անահիտ Ասատրյանի և Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Ռուբեն Գրիգորյանի մասնակցությամբ։

Մասնագետները կարևորել են ՈւՄ ճառագայթման վնասակար ազդեցության վերաբերյալ իրազեկման բարձրացումը՝ մարդու առողջության պահպանման նպատակով։

Ռուբեն Գրիգորյանը շեշտել է՝ ՈւՄ ճառագայթումը, հատկապես ամռան արևոտ օրերին, կարող է լուրջ վնաս հասցնել մարդու առողջությանը։ Այն առավել վտանգավոր է, երբ անձը երկար ժամանակ գտնվում է ուղիղ արևի տակ՝ առանց համապատասխան պաշտպանության։

Անահիտ Ասատրյանը նշել է՝ ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը օրական մշակում է ՈւՄ ճառագայթման ինդեքսի քարտեզներ, որոնք հասանելի են մեր պաշտոնական և meteomonitoring.am կայքերում։

Լիանա Ղահրամանյանը իր խոսքում ներկայացրել է՝ տեղեկատվական պաստառները մշակվել են Շրջակա միջավայրի և Առողջապահության նախարարությունների կողմից և միտված են իրազեկել ծնողներին ամռան ամիսներին մարդու, մասնավորապես՝ երեխաների առողջության վրա արեգակի ՈւՄ ուժգին ճառագայթման բացասական ազդեցության մասին՝  ներկայացնելով պաշտպանվելու անհրաժեշտությունը, համապատասխան միջոցները, ինչպես նաև օզոնային շերտի կարևորությունը այդ հարցում:

Պաստառները տրամադրվելու են ՀՀ բոլոր նախադպրոցական կրթական հաստատություններին և առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպություններին։

Բացի այդ, պետություն-մասնավոր հատվածի համագործակցության շրջանակում, մասնակցային ձևաչափով պատրաստվել են նույնաբովանդակ տեղեկատվական պիտակներ, որոնք համապատասխանաբար տրամադրվելու են «Մելանտե», «Ալեքս տեքստիլ», «Մոմոնիկ» և «Կոկո բեյբի» մանկական հագուստ արտադրողներին՝ իրենց արտադրանքին կցելու համար։

Ասուլիսն ամբողջությամբ կարող եք դիտել հետևյալ հղումով՝ https://www.youtube.com/live/KAU6BctcjLU