2023 թվականի դեկտեմբերի 11-ին «Հիդրոֆտորածխածինների փուլային կրճատման ծրագրի մշակում» ծրագրի (KIP) շրջանակներում Իբիս Երևան կենտրոնում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում: Հանդիպման առաջին մասին մասնակցում էին շրջակա միջավայրի նախարարության Մթնոլորտային քաղաքականության վարչության, Թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման վարչության, Իրավաբանական վարչության ներկայացուցիչներն ու «Օզոնային շերտի պահպանություն» ծրագրի փորձագետները:
Օզոնային շերտի հարցերով ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանը ներկայացրեց KIP ծրագրի հաստատման հետ կապված գործընթացները և հաստատման հնարավոր ժամկետները՝ նշելով, որ այն պարունակելու է էներգաարդյունավետության ոլորտին վերաբերող բաղադրիչ: Անդրադարձ կատարվեց նաև կարգավորվող նյութերի ներմուծմամբ և օգտագործմամբ առաջացող թափոնների հնարավոր վերահսկողությանը և գույքագրմանը:
Հանդիպման երկրորդ մասում քննարկմանը մասնակցում էին սառեցման և օդորակման սարքավորումների և սառնագետների ներկրմամբ զբաղվող տնտեսավարողների ներկայացուցիչներ, ովքեր հնարավորություն ունեցան ծանոթանալու օրենսդրական վերջին փոփոխություններին, կարգավորվող նյութերի ներմուծման անհատական քվոտայի տրամադրման հայտադիմումների լրացման իրավական մեխանիզմներին, և ևս մեկ անգամ գործարկեցին Օզոնի քարտուղարության կողմից մշակված ՀՖԱ-ների և ՀՖԱ պարունակող սառնագենտային խառնուրդների հատկորոշման գործիքը: