Օզոնի
ծրագիր

Օզոնային շերտի պահպանությունը «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակներում
24.05.2024

2024 թվականի մայիսի 24-ից 28-ը շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության կողմից համատեղ իրականացվող «Օզոնային շերտի պահպանություն» ծրագիրը, համագործակցելով Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հետ, «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակներում իրականացրել է իրազեկման միջոցառումների շարք:

Փառատոնը, որը հիմնադրվել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից 2007 թվականին, իր տեսակի մեջ առաջինը և միակն է Հարավային Կովկասի տարածաշրջանում: Տարիներ շարունակ փառատոնը նպատակ է հետապնդել բնապահպանական խնդիրներին վերաբերող ֆիլմերի միջոցով կրթել հասարակությանը՝ արդի և օրհասական բնապահպանական հիմնախնդիրների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման շնորհիվ։

Մայիսի 24-ին, 25-ին և 27-ին Երևանի Կինոյի տանը գործող Երիտասարդական անկյունում Ծրագրի և Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի ներկայացուցիչները քոլեջի «Սառնարանային տնտեսություն» ֆակուլտետի 10 ուսանողների հետ միասին միջոցառման մասնակիցներին և այցելուներին ներկայացրել են մասնագիտության և սառնամատակարարման ոլորտի արդիականությունն ու կարևորությունը՝ ընդգծելով դրանց կապը օզոնային շերտի պահպանության հետ:

Բնապահպանական փառատոնի ամփոփիչ օրը՝ մայիսի 28-ին, Օզոնային շերտի պահպանության հարցերով ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանը «Օզոնային շերտ. կարևորությունն ու վերականգնման հնարավորությունները» խորագիրը կրող հանդիպման շրջանակներում մասնակիցներին է ներկայացրել օզոնային շերտի դերն ու նշանակությունը, վերականգնման հնարավորությունները՝ անդրադարձ կատարելով օզոնաքայքայիչ նյութերի և հիդրոֆտորածխածինների թափոնների պատշաճ կառավարմանն ու վերամշակմանը: Տիկին Ղահրամանյանը խոսել է նաև կլիմայի փոփոխության և օզոնային շերտի պահպանության հիմնախնդրի միջև եղած կապի մասին՝ ընդգծելով, որ սառնագենտները բացի օզոնաքայքայիչ լինելուց, լինում են նաև հզոր ջերմոցային գազեր (ՀՖԱ), ուստի դրանց աստիճանաբար նվազեցումը օգնում է պայքարել կլիմայի փոփոխության դեմ՝ զուգահեռաբար վերականգնելով օզոնային շերտը: Հանդիպումն ավարտվել է հարցուպատասխանով և թեմատիկ վիկտորինայի անցկացմամբ: