
2020 թվականի նոյեմբերի 26-ին մեկնարկեց «Օզոնային շերտը քայքայող նյութերի ապօրինի առևտրի կանխարգելում» թեմայով վերապատրաստման դասընթացների շարքը մաքսային ծառայողների համար ՀՓՓ ծրագրի երկրորդ փուլի ոչ ներդրումային բաղադրիչի և «Ինստիտուցիոնալ համակարգի հզորացում և կարողությունների ստեղծում» ծրագրի շրջանակներում: Առաջին հանդիպումը տեղի ունեցավ Սիսիան քաղաքում՝ Հարավային մաքսատուն-վարչությունում, որին մասնակցում էին ՊԵԿ-ում Մոնրեալի արձանագրության հարցերով պատասխանատու գլխավոր մաքսային տեսուչ Արմենակ Մելքոնյանը, Օզոնի ծրագրի փորձագետները։ Մասնակիցներին ներկայացվեցին հետևյալ թեմաները․
- Օզոնային շերտի հիմնախնդիրներն ու օզոնաքայքայիչ նյութերը;
- Օզոնային շերտի պահպանման հիմնախնդիրները;
- Մաքսանենգության հայտնաբերված դեպքերը;
- ՕՔՆ ապօրինի առևտրի կանխարգելման դեպքերը;
- ՕՔՆ և ՕՔՆ պարունակող ապրանքների նույնականացումը;
- Սառնագենտների հետ աշխատելիս անհրաժեշտ անվտանգության կանոնները:
Վերապատրաստման տեսական մասին հաջորդեց գործնականը, որի ընթացքում փորձագետի օգնությամբ մասնագետները հնարավորություն ունեցան տեղում գազաանալիզատորի միջոցով որոշելու գլաններում պարունակվող գազերի բաղադրությունը։ ՀՓՓ ծրագրի ներդրումային բաղադրիչի շրջանակներում նախատեսվում է ձեռք բերել գազաանալիզատորներ, որոնք կտրամադրվեն մաքսատներին 2021 թվականին ՕՔՆ ապօրինի առևտրի դեմ առավել արդյունավետությամբ պայքարելու նպատակով։
Վերապատրաստման դասընթացները նախատեսվում է իրականացնել հետևյալ ժամանակացույցով․
- Նոյեմբերի 27 - Հարավային մաքսատուն-վարչության Մեղրու մաքսային կետ-բաժին;
- Դեկտեմբերի 1 - Հյուսիսային մաքսատուն-վարչություն;
- Դեկտեմբերի 2 - Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ բաժին;
- Դեկտեմբերի 3 - Արևելյան մաքսատուն-վարչության Գոգավան-Պրիվոլնոյեի մաքսային կետ-բաժին, Այրում-Ջիլիզայի մաքսային կետ բաժին;
- Դեկտեմբերի 8 - Արարատյան մաքսատուն-վարչություն:
Հանդիպումների արդյունքում վերապատրաստվել է 70 մաքսային ծառայող, որոնցից 21-ը կանայք էին, 49-ը՝ տղամարդ: