Շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի կողմից համատեղ իրականացվող «Էներգաարդյունավետության լրացուցիչ միջոցառումներ սառնամատակարարման ոլորտում (89/6 որոշում)» փոքրամասշտաբ ծրագրի շրջանակներում մեկնարկել են սպառողների վարքագծի ուսումնասիրության միջոցառումները, որոնք իրականացվում են «Վեգա Ուորլդ» ՍՊԸ-ի հետ համագործակցությամբ՝ հիմքում ունենալով Շրջակա միջավայրի նախարարության և Վեգա ընկերության միջև 2024 թվականին կնքված համագործակցության հուշագիրը:
Սեպտեմբերի 2-ին տեղի է ունեցել հանդիպում Վեգա ընկերության մասնաճյուղերի տնօրենների և «Օզոնային շերտի պահպանության» ծրագրի փորձագետների և Մոնրեալի արձանագրության ազգային համակարգողի միջև: Քննարկման ընթացքում ներկայացվել է հարցման նպատակը, ձևաչափը, կարևորությունը, ժամկետները և ակնկալվող արդյունքները:
Որոշում է կայացվել հարցում իրականացնել կազմակերպության երեք խոշոր՝ Մալաթիա-Սեբաստիա, Արաբկիր և Նոր Նորք համայնքների մասնաճյուղերում՝ նկատի ունենալով, որ դրանք ապահովում են այցելուների շուրջ 80%-ը:
Հարցման արդյունքում ակնկալվում է ստանալ պոտենցիալ գնորդների վարքագծի հիմնական դրսևորումները սառնամատակարարման և օդորակման համակարգեր գնելիս, մասնավորապես՝ էներգաարդյունավետության գործոնի ազդեցությունը գնորդի վրա որոշում կայացնելիս: Ստացված տեղեկատվության հիման վրա նախատեսվում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ ստեղծել սառնամատակարարման և օդորակման սաքրավորումների վերաբերյալ իրազեկման 2 տեսահոլովակ և 2 ինֆոգրաֆիկա: Դրանք կծառայեն քաղաքացիների շրջանում էներգախնայող սարքերի գնման և դրա արդյունքում շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը մեղմելու անմիջական պատճառահետևանքային կապի վերաբերյալ իրազեկվածության աստիճանի բարձրացմանը։