Օզոնի
ծրագիր

ՍԱՌՆԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐ
26.06.2019

2019 թվականի հունիսի 26-ին աշխարհում առաջին անգամ նշվեց Սառնամատակարարման համաշխարհային օրը: Այս առիթով շրջակա միջավայրի նախարարության Օզոնի ծրագիրը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հետ համատեղ իրականացրեց  օրվան նվիրված միջոցառում` Հայաստանի սառնարանային ասոցիացիայի անդամների ուսուցողական այց:

Հաշվի առնելով «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կողմից իրականացված առաջանցիկ քայլերը սառնամատակարարման ոլորտում, ինչպիսիք են կազմակերպությունում գործարկվող ժամանակակից սառնարանային և օդորակման համակարգերը և կիրառվող ISO 500001 ստանդարտը, Հայաստանի սառնարանային ասոցիացիայի 30 ներկայացուցիչներին և այլ կազմակերպություններից հրավիրված հյուրերին հնարավորություն ընձեռվեց ծանոթանալ օդանավակայանի կողմից իրականացվող քաղաքականությանն ու փորձին: Միջոցառմանը իրենց մասնակցությունն էին բերել նաև սառնամատակարարման ոլորտի կին ներկայացուցիչները:

Հանդիպման մեկնարկը տրվեց օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրում, որտեղ մասնակիցները ծանոթացան սառեցման սրահներին ու դրանց գործարկման մեխանիզմներին:

Նոր համալիրի մեխանիկական սենյակում բացատրվեց տեղադրված կաթսաների, շոգեկաթսաների, չիլերների և զովացնող աշտարակների նշանակությունը, իսկ նկուղում մասնագետը ներկայացրեց սարքավորումների գործարկման նրբություններն ու ոլորտային առանձնահատկությունները:

Ուսոցողական այցն անցկացրեց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ոլորտի պատասխանատու Արթուր Մկրտչյանը: