Հունիսի 26-ին նշվում է Սառնամատակարարման համաշխարհային օրը: Այս առիթով Օզոնի ծրագիրը ձեր ուշադրությանն է ներկայացնում «Սառնամատակարարման շղթան կյանքի համար» տեղեկատվական պաստառները, որոնք կարող են ուղեցույց հանդիսանալ ինչպես մասնագետների, այնպես էլ պետության ու քաղաքացիների համար։
Հատկանշական այս օրը հուշագիր կնքվեց օզոնային շերտի պահպանության ոլորտում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Ինստիտուցինալ համակարգի հզորացում և կարողությունների ստեղծում» ծրագրի և «Հանուն հավասար իրավունքերի» կրթական կենտրոն հասարակական կազմակերպության միջև։ Երկրում շարունակվող արտակարգ դրությամբ պայմանավորված՝ ստորագրման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ առցանց հարթակում, որին մասնակցում էին ՀԿ-ի ներկայացուցիչներն ու Օզոնի ծրագրի փորձագետները։ Հուշագրի նպատակն է օզոնային շերտը քայքայող նյութեր և դրանց փոխարինողներ պարունակող կենցաղային տեխնիկայի (սառնարաններ, օդորակիչներ) օգտահանման խնդիրների վերհանումը, հատկորոշումը, լուծումների առաջարկությունն ու դրանց իրագործումը: Կողմերը հույս հայտնեցին, որ առաջիկայում հնարավորություն կունենան ոչ միայն լուսաբանելու շոշափելի արդյունքները, այլև ընդլայնելու համագործակցությունը։